Ա. Իսկանդարյան. «Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է որպես ճնշման միջոց»
«Ինչու Կազանում ոչինչ տեղի չունեցավ: Տեղի չունեցավ, որովհետև չպետք է ունենար: Իսկ հանդիպումից սպասելիքները պայմանավորված են հասարակության տրամադրություններով` կապված քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ և իհարկե` պայմանավորված նաև հասարակության ընդհանուր անհանգստությամբ: Այս փուլում Ղարաբաղյան հակամարտությունում բեկումնային փոփոխությունների սպասելու որևէ հիմք գոյություն չունի», - անդրադառնալով Կազանյան հանդիպումից առաջ հասարակության մեջ տարածված կարծիքին, որ այն բեկումնային է լինելու, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Այս համատեքստում, անդրադառնալով Մինսկի խմբի ձևաչափի արդյունավետությանը` բանախոսը նշեց. «Ես չեմ կարծում, որ ընդհանրապես Մինսկի խմբի ձևաչափը փոխելը հնարավոր է: Այն բավարար հաստատված է և փոխելը հիմարություն կլիներ: Իմ կարծիքով, իր առաջադրանքը Մինսկի խումբը բավական լավ կատարում է»:
Այնուհետև անդրադառնալով Եվրամիության դիրքորոշմանը` Ա. Իսկանդարյանն ասաց. «Ինչ վերաբերվում է Եվրամիությանը, նա իրոք, փորձում է մտնել ինչ-որ դաշտ, որտեղ Հայաստանին, Ադրբեջանին և նունիսկ նրանց միջև կոնֆլիկտին վերաբերող հարցերում կարող է լինել ավելի ակտիվ»:
«Պարզ է, որ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով Լեռնային Ղարաբաղը չի կարող ֆորմալ կողմ լինել, բայց պարզ է նաև, որ առանց Ղարաբաղի մասնակցության, խնդիրը լուծվել չի կարող: Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է ոչ թե որպես լուծում գտնելու փորձ, այլ որպես ճնշամիջոց: Ղարաբաղի բանակցային սեղանի շուրջ նստելը կնշանակի, որ Ադրբեջանը պատրաստ է զիջումների», - հավելեց քաղաքագետը: