Ռատկո Մլադիչը պատրաստվում է բոյկոտել Հաագայի դատարանի հերթական նիստը
Բոսնիացի սերբերի զինված ուժերի նախկին շտաբի պետ, գեներալ Ռատկո Մլադիչը պատրաստվում է բոյկոտել այսօր կայանալիք նախկին Հարավսլավիայի Միջազգային զինվորական դատարանի հերթական նիստը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով Մլադիչի փաստաբան Միլոշ Շալիչի հաղորդած տեղեկությունների վրա:
Վերջինիս խոսքերով, բոյկոտ հայտարարելու պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ դատարանը դեռևս չի հաստատել Մլադիչի կողմից ներկայացված իր իսկ փաստաբանների ցուցակը:
Նշենք, որ Մլադիչը ցանկանում է, որ դատարանում իր շահերը ներկայացնեն նույն Միլոշ Շալիչը և Ռուս փաստաբան Ալեքսանդր Մեզնաևը:
Հիշեցնենք, որ Ռատկո Մլադիչը մեղադրվում է բոսնիական պատերազմի տարիներին մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեջ: Մասնավորապես նրան մեղադրում են բոսնիական Սրեբրենիցա քաղաքի արական սեռի բնակիչների` այն է, մոտ 8 հազար մարդկանց կոտորածի մեջ: