Դեսպանը հոլանդահայ ծնողներին կոչ է արել ջանք չխնայել իրենց երեխաներին հայեցի կրթության ապահովելու համար
Նիդերլանդների Ալմելո քաղաքում հուլիսի 3-ին տեղի է ունեցել «Հոլանդիայի հայկական դպրոցների հարթակի» մեկնարկի արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, կրթական հարթակը հիմնվել է Ալմելոյի, Նայմխենի և Ասենի կիրակնօրյա դպրոցների նախաձեռնությամբ` հայազգի երեխաների կրթությունն ավելի բարձր որակով կազմակերպելու և միասնական ծրագրով իրականացնելու նպատակով:
Դեսպան Աղաջանյանը ողջունել է հոլանդահայ դպրոցների միջև միասնական հարթակի հիմնումը, որը կօգնի փորձի փոխանակման, կրթական ծրագրերի համադրման ու բարելավման միջոցով առավել որակյալ կրթություն ապահովելու հայազգի աշակերտների համար: Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ հայի ինքնությունը ձևավորելու գործում կրթությունը մշտապես իր անուրանալի դերն է ունեցել, իսկ օտար ափերում`դարձել ինքնության պահպանման ամենահզոր միջոցը:
Դեսպանը հորդորել է ծնողներին ջանք ու եռանդ չխնայել իրենց երեխաներին հայեցի կրթության ու դաստիարակության հնարավորություն ապահովելու համար, ինչը հնարավոր է միայն գործող դպրոցներին շարունակական աջակցություն ու օժանդակություն ցուցաբերելու միջոցով: Դեսպան Աղաջանյանը հույս է հայտնելց, որ Հոլանդիայի մյուս համայնքներում ձևավորվող դպրոցները ևս մոտ ապագայում կմիավորվեն «Հոլանդիայի հայկական դպրոցների հարթակի» ներքո:
Միջոցառմանը գեղարվեստական համարներով հանդես են եկել Ալմելոյի, Նայմխենի և Ասենի դպրոցների սաները և նորաստեղծ «Զարթոնք» պարային համույթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան