Միջազգային կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանի ԱԳՆ-ի որոշումը
Լրագրողների պաշտպանության կոմիտեի պաշտոնական կայքը, Բաքվի օդանավակայանում ձերբակալված «Bloomberg» գործակալության լրագրող Դիանա Մարկոսյանի ձերբակալման ու արտաքսման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի սահմանապահները վերցրել են նաև նրա անձնագիրը` հայտարարելով, որ նա հայկական ազգանուն ունի և նրանք պետք է «ինչ-որ որ բան ճշտեն»: Մարկոսյանը ստիպված է եղել 16 ժամ անցկացնել տարանցիկ գոտում, մինչ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը օգնել է նրան տոմս գնել հաջորդ թռիչքի համար դեպի Ռիգա:
Մարկոսյանը և´ Միացյալ Նահանգների, և´ Ռուսաստանի քաղաքացիություն ունի:
«Մարկոսյանն արտաքսվել է, քանի որ իշխանությունները ի վիճակի չեն լինի ապահովել նրա «անվտնագությունը»` նրա հայ լինելու պատճառով», - այս մասին «APA» լրատվական գործակալությանը հայտնել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլհան Պոլուխովը:
«Լրագրողների պաշտպանության կոմիտեին» Մարկոսյանը հայտնել է, որ մինչ Բաքու այցելելը, նա բանակցություններ է վարել Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ և իրեն վստահեցրել են, որ խնդիրներ չեն լինի:
Իսկ «APA» լրատվական գործակալությունն էլ մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլխան Պոլուխովի նամակը «Bloomberg»-ի ղեկավարությանը, որտեղ վերջինս հայտնել է, որ Ադրբեջանը փաստացիորեն պատերազմական իրադրության մեջ է գտնվում Հայաստանի հետ: Այդ պատճառով էլ հայկական ծագում ունեցող Մարկոսյանն Ադրբեջանում խնդիրներ կունենար անվտանգության ապահովման հետ: Իշխանությունները խնդրել են «Bloomberg»-ի ղեկավարությանը նրա փոխարեն ուղարկել մեկ այլ աշխատակից:
«Շատ անհանգստացնող է այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունները արգելում են նրան մուտք գործել Ադրբեջան` պատճառաբանելով օտարերկրյա լրագրողի էթնիկ պատկանելիությունը», - հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի փոխտնօրեն Ռոբերտ Մահանին, հավելելով, որ «Դիանա Մարկոսյանին պետք է թույլ տային ազատ գործունեություն ծավալել Ադրբեջանում, այնպես ինչպես այլ լրագրողների»: