«Ֆորբսի» վերլուծիչը Հայաստանի վրա «գրազ է գալիս»
«Հայոց աշխարհն» անդրադարձել է «Ֆորբս» ամսագրի վերջին տվյալներին, մասնավորաբար նշել. «Հրապարակման հեղինակը «Ֆորբսի» ավագ խմբագիրներից մեկն է՝ Դենիել Ֆիշերը, որը, ինչպես ինքն է նշում, զբաղվում է իրավական հարցերով, մակրոտնտեսական ցուցանիշներով, կորպորատիվ ֆինանսներին ու... առագաստանավային սպորտին վերաբերող պատահական պատմություններով։
Հետաքրքրությունների նման մեծ տիրույթ ունեցող ավագ խմբագրի գրածն ընթերցելու ամբողջ ընթացքում չէր լքում տպավորությունը, որ հիշյալ հոդվածը պատրաստելիս նա առավելապես առագաստանավային սպորտի պատահական պատմությունների վրա է կենտրոնացած եղել: ... Ոչ պակաս հետաքրքիր է, ի դեպ, թե հեղինակն ինչպես է արձագանքել ընթերցողներից մեկի մեկնաբանությանը, որ Հայաստանը, հնարավոր է, տնտեսապես ծանր կացության մեջ է, բայց հաստատ աշխարհի վատագույն տնտեսություն ունեցողների տասնյակում չէ։ «Ֆորբսի» ավագ խմբագիրն այդ դիտողությանը արձագանքում է այսպես. «Գրազ եմ գալիս, որ հաջորդ տարի Հայաստանն այդ ցուցակից դուրս կգա...»։ Հենց այդպես։ Մարդը հոդված է գրում, հետո իր գրածի ու մեր երկրի վրա բուքմեյքերություն է անում»:
«Բիրժեվոյ լիդեր» նույնպես մասնագիտացած, տնտեսական հրատարակությունը ներկայացնում է մի շարք փորձագետների դիտողություններ «Ֆորբսի» այդ հրապարակման վերաբերյալ (http://profi-forex.org/news/entry1008081174.html)։
Նրանցից մասնավորապես Masterforex-V բորսային առեւտրի ակադեմիայի փորձագետները տարակուսում են, թե, նախ, ի՞նչն է առաջնային համարվել, նշված «սեւ ցուցակը» կազմելիս. գնա՞ճը, ՀՆԱ ցուցանի՞շը, թե՞ կոռուպցիայի աստիճանը։ Երկրորդ՝ նրանք եւս նկատում են, որ «Ֆորբսի» հիմնավորումները կցկտուր են ու անհամոզիչ, հատկապես՝ Ուկրաինայի ու Հայաստանի դեպքում։ Երրորդ՝ զարմանում են, որ մի շարք երկրներ, որտեղ ուղղակի սով է (Եթովպիա, Սոմալի եւ այլն), ընդհանրապես նշված չեն, մինչդեռ ինքնին հասկանալի է, որ այնտեղ տնտեսությունը ամենատխուր վիճակում է։
Ոչ պակաս ուշագրավ են նույն ակադեմիայի՝ Կանադայի թրեյդերների եւ ներդրողների միավորման ղեկավար, փորձագետ Եվգենի Օլխովսկու դիտարկումները, թե՝ միանգամայն ակնհայտ է, որ նման վարկանիշերն ուղղակիորեն ազդում են ներդրումային միջավայրի եւ նույնիսկ քաղաքական վիճակի վրա, ուստի պետք է այս կամ այն եզրակացությունն առավելագույնս հիմնավորված եւ համոզիչ լինի։
Հակառակ պարագայում, ըստ փորձագետի, դա ոչ թե գիտական վերլուծություն է, այլ զոմբիացում եւ քաղաքական խաղ, որը հեռու եւ անհամատեղելի է ներդրումների ոլորտին»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում