Երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում. ԱՆ խորհուրդները՝ շոգին դիմակայելու համար
Շոգ եղանակին օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը.
• խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում, քայլել ստվերում,
• ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին,
• ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է արյան շրջանառությունը և ջերմատվությունը,
• հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ,
• օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, օրական մոտ 3լ (սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո),
• չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքներ` թե տաք, թե սառը վիճակում,
• առաջարկվում է չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
• հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
• հագնվել ջերմաստիճանին համապատասխան այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ,
• չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում և առանց պատշաճ ջերմաստիճանային և հիգիենիկ պայմանների վաճառվող սննդամթերք, հատկապես ոչ ոգելից ըմպելիքներ (կվաս, լցնովի հյութեր), պատրաստի սննդատեսակները (քյաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, ղարսի խորոված), կրեմային հրուշակեղեն և փափուկ պաղպաղակ և այլն,
• սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ` հոսող խմելու ջրով,
• հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի օճառի օգտագործմամբ,
• սննդամթերքը պահել փակ տարողություններում` ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով,
• չաղտոտել շրջակայքը,
• շրջակայքում ջրամատակարարման և կոյուղու համակարգերում վթարներ ու անսարքություններ նկատելիս անհապաղ ահազանգել համապատասխան մարմիններին,
• չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ցանցի ջրով,
• խմելու ջրի համային և գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին,
• աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան