Հանրային լողափում հանգստյան օրերին 1200 մարդ է հանգստանում
Արդեն մեկ շաբաթ է, ինչ շահագործվում են Կառավարության որոշմամբ Սևան ազգային պարկում առանձնացված երկու հանրային լողափները, որոնց շինարարության համար կառավարության կողմից հատկացվել է 62 միլիոն դրամ:
Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Բնպահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի համակարգող Աշոտ Ավալյանը` նշելով, որ լողափերում արդեն տեղադրվել են թախտաները, որոնց թիվը երկու օր առաջ համալրվել է հարյուրով:
Նա տեղեկացրեց, որ նախատեսվում է ընդլայնել հանրային լողափների թիվը Մարտունու և Շորժայի ուղղությամբ և այդ առիթով մոտ 60 տարածք է առանձնացվել:
Հանրային լողափի համար տարածք ընտրելիս, ըստ Ավալյանի, փորձել են օգտվել որոշակի չափանիշներից. լողափները չպետք է կադաստրում գրանցված լինեն ու նոտարով հաստատված պայմանագրեր ունենան, պետք է լինեն տրանսպորտային կոմունիկացիայի համար հարմար` մայրուղիներին, երկաթգծերին մոտ, տարածքով չպետք է մեկ հեկտարից պակաս լինեն:
Ա.Ավալյանը նշեց, որ հանրային լողափում անվճար գործում են ավտոկանգառը, մանկական և սպորտային խաղահրապարակները, զուգարանները, բուժկետը:
Բնակիչը ափից օգտվելու մուտքի վճար չի մուծում, գործում է նաև փրկարար ծառայությունը: Խորոված անելու համար հատուկ տեղեր նախատեսված չեն, սակայն կան սննդի կազմակերպման կետեր: Հանրային լողափում տեղադրված է նաև խմելաջրի երեք ծորակ, իսկ տեղում բացի գարեջրից այլ ոգելից խմիչք չի վաճառվում:
«Ես կարծում եմ, որ եթե մեր լողափները կազմակերպենք նման ձևով, մարդիկ իրենց հանգիստը կկազմակերպեն իրենց հայրենիքում», - ասաց նա` նշելով, որ իրենք մոնիտորինգ են արել ու պարզել, որ նորաբաց հանրային լողափում միջին հաշվով շաբաթ և կիրակի օրերին 1200 մարդ է հանգստանում, իսկ օրական` 800-ին մոտ:
Բանախոսը նշեց նաև, որ պետական բյուջեի հաշվին Գեղարքունիքի մարզում ևս երեք հանրային լողափ են պատրաստվում ստեղծել` առաջինը Շորժայում, մյուսը Մարտունիից յոթ կիլոմետր հեռու, վերջինը` Չկալովկայում: Նշված երեք լողափերի մուտքն արդեն ազատ է: