«Washington Post». Փշոտ Ղարաբաղ` «Ադրբեջանի դեմ տարած հաղթանակով անչափ հպարտ»
«Իոսիֆ Ստալինի ձեռամբ 1921-ին Ադրբեջանին միացված, գերազանցապես հայաբնակ» իրական ձեւակերպմամբ է Ուիլ Ինգլանդը «Washington Post»-ում հուլիսի 7-ին հրապարակված իր «Ղարաբաղում. Հետխորհրդային առաջին պատերազմը» վերտառությամբ հենց տեղում պատրաստված հոդվածում ներկայացնում Լեռնային Ղարաբաղը, ընդ որում հոդվածագիրը որպես իր աշխատավայր ներկայացնում է Ստեփանակերտը: Այս մասին գրում է «Ազգը». «Որ հենց այս օրերին է ամերիկյան հեղիանակավոր թերթում ի հայտ եկել բավականին պատմական էքսկուրս պարունակող նման մի հոդված, պատահականությունների շարքից չէ, եւ ոչ էլ առանձնակի տպավորություն է թողնում, թե PR ակցիա է:
Եթե հոդվածը դիտարկենք ԱՄՆ-Ադրբեջան փոխադարձ շնորհավորական տեքստերում զգալի տարբերություններով բացահայտվող ոչ ջերմ հարաբերությունների, ԱՄՆ պետքարտուղարի` Հայաստանի նախագահի հետ հեռախոսազրույց ունենալու նախաձեռնության, նաեւ տարածաշրջանում մեկ երկրից մյուսն ամենաարագ տեմպերով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խորհրդակցությունների համատեքստում, ինչպես նաեւ Ադրբեջանի «առաջարկներ» ներմուծելու փորձի պատճառով կազանյան հանդիպման, ըստ էության, ձախողման ֆոնին, ապա հստակ է, որ այս հոդվածն էլ կարելի է ընդունել որպես ադրբեջանական կողմին ուղղված հստակ ուղերձ առ այն, որ աշխարհն այնքան էլ հակված չէ կրկնելու «տարածքային ամբողջականության» մասին դեկլարատիվ հայտարարությունները, երբ հարցն այսքան սրվում է:
Հոդվածում նշվում է, որ ստալինյան «բաժանիր եւ տիրիր» մոտեցման արդյունքում շատ բաժանարար գծեր են առաջացել Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի շատ ազգերի համար, որոնց տարբեր հատվածների առնչությամբ դեռեւս խնդրահարույց իրավիճակները շարունակվում են: Իսկ գորբաչովյան ժամանակաշրջանն այդօրինակ իրավիճակների պայթյունի առիթ դարձավ:
Պարբերականը ներկայացնում է ղարաբաղյան խնդրի պատմությունը` ընդգծելով, որ 1988-ին Հայաստանին միանալու ղարաբաղյան հայտարարություններին ի պատասխան Մոսկվան իրապես չարձագանքեց, իսկ Ադրբեջանում սկսվեցին հարձակումներն ու կոտորածը հայերի դեմ, «տասնյակներ սպանվեցին»: Բավականին օբյեկտիվ ներկայացված պատմության ընթացքը հոդվածագիրը հասցրել է մինչեւ այն պահը, հատկանշական համարելով, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն հռչակեցին ճիշտ այնպես, ինչպես դա արդեն արել են Լեռնային Ղարաբաղը:
«Որեւէ մեկը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Սա դե ֆակտո հանրապետություն է, սերտ կապերով հարեւան Հայաստանի հետ, բայց անկախության հաստատուն զգացումով», գրում է «Washington post»-ը: Հոդվածը շարունակվում է. «Ղարաբաղն այսօր փշոտ մի վայր է` Ադրբեջանի հանդեպ իր հաղթանակով անչափ հպարտ, Ադրբեջանի` պատերազմ վերասկսելու շարունակվող սպառնալիքներին դիմակայելուն վստահ եւ մտահոգ, որ դեռեւս Ղարաբաղին տեղ չի տրվել բանակցությունների սեղանին, որտեղ ԼՂ շահերը ներկայացնում է Հայաստանը, եւ որտեղ շատ փոքր առաջընթաց կա տարիներ ի վեր»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում