Կայացել է լեզվաբանական գիտելիքների համահայկական ինտերնետային կենտրոնի շնորհանդեսը
Այսօր կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ստեղծված լեզվաբանական գիտելիքների համահայկական ինտերնետային կենտրոնի շնորհանդեսը: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, լեզվաբաններ և հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից, ուսանողներ և այլք:
Ողջունելով ծրագիրը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծել է վերջինիս կարևոր նշանակությունը լեզվապահպանության գործում: Ծրագրի ղեկավար Էդուարդ Մանուկյանը համառոտ ներկայացրել է ծրագրի նպատակը, խնդիրները, կենտրոնի կառուցվածքը և առաջիկա աշխատանքները:
Նախաձեռնողների նպատակն է ստեղծել հայոց լեզվի գիտելիքների համահայկական շտեմարան (էլեկտրոնային հենք), որտեղ կներառվեն ինչպես ընդհանուր օգտագործման բառեր, այնպես էլ հիմնական գիտահասարակական ուղղություններին բնորոշ տերմիններ և դրանց բացատրություններ: Դա կնպաստի տարբեր աղբյուրներում ցրված հայերեն բառերի և տերմինների հավաքմանը մեկ ընդհանուր կենտրոնում, ինչպես նաև կկանխի դրանց կորուստը` պայմանավորված գրքային բառարանների շարքից կամ գործածությունից դուրս գալու անխուսափելի գործընթացով:
Ներկայումս կենտրոնի կողմից օգտագործողներին մատուցվող ծառայություններն են` արևելահայերեն-արևմտահայերեն-անգլերեն լեզուներով կատարվող իմաստային թարգմանությունները, արևելահայերեն–արևմտահայերեն-անգլերեն լեզուներով բացատրական բառարանների շահագործումը, արևելահայերենով և արևմտահայերենով ներկայացվող տեքստերի ավտոմատ սրբագրումը: Այդ ծառայություններից կարելի է օգտվել՝ այցելելով www.translator.am կայք:
Կենտրոնի զարգացման առաջիկա ծրագրերից է թարգմանվող և սպասարկվող լեզուների կազմում համապատասխանաբար ռուսերենի և թուրքերենի ավելացումը: Կենտրոնի նախաձեռնողները ակնկալում են Հայաստանից և Սփյուռքից ոլորտի մասնագետների ակտիվ մասնակցությունը և աջակցությունը գիտելիքների շտեմարանի համալրմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան