Դիմորդը չի իմացել` ով է Հովհաննես Բաղրամյանը. Քննությունները Հայաստանում շարունակվում են
Հայաստանում հունիսի 4-ից մեկնարկած միասնական քննությունների 2-րդ փուլը շարունակվում է և չնայած հանգստյան օրվան, վաղը, հուլիսի 10-ին կկայանա քննություն «ֆիզիկա» առարկայից: Երկուշաբթի քննություն կհանձնեն օտար լեզուներից, իսկ քննական շրջանը կավարտվի հուլիսի 14-ին, երբ դիմորդները կհանձնեն վերջին քննությունը «քիմիա» առարկայից: Գնահատման և թեստավորման կենտրոնի մամլո խոսնակ Գայանե Մանուկյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ օգոստոսի 1-ին արդեն հայտնի կլինեն քննությունների ընդհանուր արդյունքները, թե ով որ ֆակուլտետն է ընդունվել:
Այս փուլի քննություններին մասնակցելու համար հայտագրվել է ընդհանուր առմամբ 1486 դիմորդ, ի տարբերություն առաջին փուլի, երբ քննություններին մասնակցելու համար հայտագրվել էր 1209 դիմորդ:
Դիմորդների մասնակցությամբ, ըստ Մանուկյանի, ամենամեծ քննությունը եղել է հայոց լեզու և գրականություն առարկայից, երբ մասնակցելու համար հայտագրվել էր 850 դիմորդ: Ինչպես նախորդ փուլում, այս անգամ ևս մաթեմատիկայի քննության ժամանակ դրական շեմը չի հաղթահարել դիմորդների 67 տոկոսը: «Դա մեզ համար անակնկալ չէր, և դա ցույց է տալիս, որ թեստերը համարժեք են», -նշեց Գայանե Մանուկյանը:
Փոխարենը ԳԹԿ աշխատողների համար անակնկալ է եղել Հայոց պատմություն առարկայից բողոքարկողների անհիմն պահանջները: «Հայոց Պատմությունից 4 բողոքարկում է եղել բայց դրանք չի կարելի ըստ էության բողոքարկում համարել, պարզապես կան դիմորդներ, որ գալիս են ու խնդրում մի բան անել, որ երկու միավոր ավելանա, որ հաղթահարի անցողիկ 7,5 միավորի շեմը: Այդ բողոքարկողների մեջ կար դիմորդ որ չգիտեր նույնիսկ ով է Հովհաննես Բաղրամյանը: Եվ նա ասում էր, որ դա իր համար շատ բարդ խնդիր է եղել»- զարմացած էր ԳԹԿ պաշտոնյան:
Քննությունների երկրորդ փուլին, նրա խոսքով, շատ են օտար երկրներից դիմած դիմորդները: Օրինակ, 100 դիմորդ միասնական քննությունների 2-րդ փուլին մասնակցելու համար հայտագրվել է Ջավախքից, կան դիմորդներ Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև Թաիլանդի, Իրանի Իսլամական հանրապետության դպրոցներն ավարտած դիմորդներ:
Օգոստոսի 15-ից արդեն հանրապետությունում կսկսվի նեղ մասնագիտությամբ քննությունների շրջանը, որի շրջանակում քննություն կտան Երևանի երաժշտական կոնսերվատորիա, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, Թատերական ինստիտուտ դիմող դիմորդները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան