Ա.Աշոտյան. «Հայագիտական կենտրոնի բացումը Թեհրանում կդառնա երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վառ դրսևորումը»
«Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հայ-իրանական համագործակցությունն առաջընթաց է ապրել, որն էլ հնարավորություն է ստեղծել ինչպես նախանշված ծրագրերի իրականացման, այնպես էլ նոր ծրագրերի ուրվագծման համար»: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:
Ինչպես տեղեկացնում են ԿԳ նախարարությունից, նախարար Ա.Աշոտյանն արձանագրել է, որ կյանքի է կոչվում նախորդ տարի ՀՀ վարչապետի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրված «ԻԻՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին 2010-2013 տարիների գործնական ծրագիրը», մասնավորապես` ՀՀ ԿԳՆ արդեն կազմակերպել է 2011-12 ուսումնական տարվա համար միջպետական ուսանողական կրթաթոշակային մրցույթը: Նաև տեղեկացրել է, որ մրցույթը մեծ արձագանք է ունեցել հայ ուսանողների շրջանում, սակայն 2011 թ-ին Հայաստանում հանրակրթական դպրոցների շրջանավարտներ չունենալու պատճառով բակալավրիատ ընդունվելու համար հատկացված տեղերը մնացել են թափուր.Ա.Աշոտյանն առաջարկել է տեղերի վերաբաշխում կատարել, որովհետև մագիստրոսական տեղերի համար մեծ մրցույթ է ծավալվել:
Հանդիպմանը խոսվել է նաև ծրագրով նախատեսված Թեհրանի պետական համալսարանում հայագիտության ամբիոնի ստեղծմանը` հույս հայտնելով, որ ԵՊՀ ռեկտորի առաջիկա այցելությունն Իրան կնպաստի այդ խնդրում գործնական արդյունքների արձանագրմանը: Ըստ նախարարի` Հայագիտական կենտրոնի բացումը Թեհրանում կդառնա երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ու համագործակցության վառ դրսևորումը:
Իր հերթին ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանը շնորհավորել է նախարարին Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամություն արտահայտել հետամուտ լինել ԵՊՀ ռեկտորի այցի ընթացքում Թեհրանում հայագիտական կենտրոնի ստեղծման աշխատանքներին: Բացի այս, քննարկվել են նաև դիպլոմների փոխճանաչման, ուսանողների կրթության ընթացքում ծագած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր: Իսկ վերջում Ա . Աշոտյանը դեսպանի միջոցով Հայաստան է հրավիրել ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Քամրան Դանեշջուին` մասնակցելու սեպտեմբերին Երևանում նախատեսվող բարձրագույն կրթության ֆինանսավորմանը նվիրված կոնֆերանսին: