Այսօր քննություն են հանձնում օտար լեզուներից. Երրորդ հնարավորություն դիմելու համար ցանկալի չէ
Այսօր միասնական քննությունների երկրորդ փուլի շրջանակում դիմորդները քննություն են հանձնում օտար լեզու առարկաներից: Այս պահին էլ ԵՊՀ-ում դիմորդները շարունակում են աշխատել, իսկ դրսում հեռուստացույցների առաջ անհանգիստ ծնողներն են:
ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Հանգիստ, նորմալ մթնոլորտում է անցնում քննությունը, նույնիսկ մի քիչ ավելի ազատ ենք թողնում իրենց սովորականի համեմատ»:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ից մեկնարկել է միասնական քննությունների 2-րդ փուլը, այն կավարտվի 3 օրից` հուլիսի 14-ին: Օգոստոսի 1-ին արդեն հայտնի կլինեն քննությունների ընդհանուր արդյունքները:
«Ընդհանրապես այս տարի թույլ կոնտինգենտ է, թե առաջին, թե երկրորդ փուլում: Եթե համեմատության մեջ նայենք, երկրորդ փուլի դիմորդներն մի քիչ ավելի թույլ են առաջինի համեմատ»,-ասաց Գ. Խաչատրյանը, փաստելով, որ առաջին փուլում ֆիզիկա առարկայից քննությունը չի կարողացել հանձնել քննություն հանձնողների 70 տոկոսը, իսկ երկրորդ փուլում այդ թիվը հասել է 80 տոկոսի:
«Մեծ մասը չպարապած դիմորդներ են, մանավանդ բնագիտական առարկաները, որոնք գոնե մի տարի պետք է պարապած լինեն»,-բացատրեց նա, ավելացրեց, որ չնայած տեստերը պարզ են, սակայն իր մտավախությունները` չհաղթահարելու վերաբերյալ, կարծես թե արդարացել են: «Առանձնապես չենք զարմանում»,-ասաց նա: Գ. Խաչատրյանը վերապահումով է վերաբերվում նաև պատմություն առարկայից ստացած մի քանի 20 միավորներին, հնարավոր համարում, որ պատճառը եղել է ոչ բավարար վերահսկողությունը:
Հետաքրքրվեցինք, հնարավոր է բաց տեղերը լրացնելու համար ևս մեկ հնարավորություն ընձեռվի դիմելու համար: «Գիտե՞ք, մենք ազատ չենք մեր որոշումների մեջ, կա քննությունների անցկացման կարգ, որը ոչ ոք խախտել չի կարող, նույնիսկ վարչապետը չի ուզենա խախտել: Ի վերջո, պետք է հետևել կարգին, դա նորմալ, զարգացած երկրի համար նորմալ մոտեցում է: Այնպես որ ամենամեծ ցանկության դեպքում էլ, մենք չենք կարող միջամտել, և ընդհանրապես հարց է` իմաստ ունի, որ այդքան թույլ դիմորդները նստեն համալսարան, ի վերջո ավարտելուց հետո նա որպես մասնագետ ներկայանալու է ամենայն հավանականությամբ նորից թույլ գիտելիքներով, և չգիտես, նա երկրի համար բարիք է, թե՞ չարիք»,-ասաց մեր զրուցակիցը, ապա հիշեցրեց Ռուսաստանի վարչապետի մտահոգությունը, արդյոք թույլ մասնագետները կկարողանա՞ն նախագծել նավ կամ ինքնաթիռ:
Հիշեցնենք, որ երկրորդ փուլի քննություններին մասնակցելու համար հայտագրվել է ընդհանուր առմամբ 1486 դիմորդ, ի տարբերություն առաջին փուլի, երբ քննություններին մասնակցելու համար հայտագրվել էր 1209 դիմորդ:
Նշենք նաև, որ քննությունների երկրորդ փուլին շատ են օտար երկրներից դիմած դիմորդները: Օրինակ, 100 դիմորդ միասնական քննությունների 2-րդ փուլին մասնակցելու համար հայտագրվել է Ջավախքից, կան դիմորդներ Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև Թաիլանդի, Իրանի Իսլամական հանրապետության դպրոցներն ավարտած դիմորդներ:
Օգոստոսի 15-ից արդեն հանրապետությունում կսկսվի նեղ մասնագիտությամբ քննությունների շրջանը, որի շրջանակում քննություն կտան Երևանի երաժշտական կոնսերվատորիա, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, Թատերական ինստիտուտ դիմող դիմորդները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան