Ա. Գրիգորյանը UNESCO-ից պահանջում է բացատրություն ու ներողության հայցում, հակառակ դեպքում սպառնում է դատի տալ
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը սկսում է կազմակերպել խիստ բողոքի գործընթաց ուղղված UNESCO-ի ղեկավարության դեմ` կապված հունիսի 15-ին Փարիզում բացված «հայկական խաչքարների» ցուցահանդեսում տեղի ունեցած սկանդալի շուրջ: Պարոն Գրիգորյանը դիմում է UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային` պահանջելով բացատրություն կատարվածի շուրջ և նամակի պատճեն ուղղում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պարոն Բան Կի Մունին: Նամակի պատճեները ուղարկվում են նաև ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանին, Շվեցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չեթեջյանին, UNESCO-ում ՀՀ ներկայացուցիչ Շառլ Ազնավուրին և UNESCO-ում բարի կամքի հայ ազգի դեսպաններին:
Ֆորումի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, ԵՀՄՖ-ը պատրասվում է Եվրոպայի հայ իրավաբանների միջոցով գործ հարուցել UNESCO-ի այս ցուցահանդեսի պատասխանատու անձանց նկատմամբ, եթե UNESCO-ն չտա բավարար պատասխան կատարվածին: Միաժամանակ ԵՀՄՖ-ը սկսում է էլեկտրոնային ստորագրահավաք ցուցահանդեսի կազմակերպիչների դեմ` դատական գործ սկսելու կապակցությամբ:
«Ինչպես հայտնի է UNESCO-ի անունից պահանջ է ներկայացվել հայ կազմակերպիչներին ցուցանմուշների անվանումներից հանել հուշարձանների տեղանունները ներկայացնելու մասը: Այս աբսուրդ պահանջն ավելի անհեթեթ է դառնում, երբ տրվում է բացատրություն, որ սա Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով է կատարվել: Այսինքն այն երկրների, որոնք մեթոդաբար կատարել են մշակույթային ցեղասպանություն` վերացնելով հայկական հազարամյա թանկարժեք հուշարձանները հայկական տարածաշրջաններում ու հիմա էլ պահանջում են վերացնել այն նույնիսկ մարդկանց հիշողություններից: Հայտնի է, որ 2005 թ-ին ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին Նախիջևանի Ջուլֆա քաղաքի մոտ տեղավորված հնադարյան հայկական խաչքարների ոչնչացումը, որոնց թիվը ժամանակին մի քանի հազար էր: UNESCO-ն դեռևս չի ուսումնասիրել այս փաստը և չի կարողացել հանձնախումբ ուղարկել Նախիջևան, քանի որ դրան հակազդում են այդ բարբարոսության կազմակերպիչներն` Ադրբեջանի իշխանություններն իրենց նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ»,-ասված է Իրինա Բոկովային ուղղված նամակում:
Նամակում նաև ասված է, որ ԵՀՄՖ-ը պահանջում է UNESCO-ից շուտափույթ կազմակերպել հանձնախումբ, որը կուսումնասիրի մեր կողմից բազմիցս կատարած այս հայտարարության ճշտությունը և միջոցներ ձեռք կառնի վերոհիշյալ մշակույթային ցեղասպանության աղաղակող փաստի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու համար:
«Միաժամանակ մենք սպասում ենք նաև բացատրություն Փարիզի ցուցասրահում կատարվածի շուրջ և պահանջում պատասխանատուների կողմից ներողության հայցում: Հակառակ դեպքում ԵՀՄՖ-ը փորձելու է այս հարցի քննարկումը ներկայացնելու միջազգային դատական ատյանների քննությանը»,-ասված է Ա. Գրիգորյանի նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները