«Ազադլիգ». Կրթության մակարդակն Ադրբեջանում աղետալի է
Ադրբեջանում տարեցտարի կրթության մակարդակի անկումը խոստովանում են նաև պաշտոնական կառույցները: Երկրում դպրոցների շրջանավարտների 42 տոկոսը չի կարողացել հանձնել ավարտական քննությունները և ավարտական վկայական չի ստացել, ստացածների մեծ մասն էլ չի կարողացել հանձել բուհական ընդունելության քննությունները:
«Բուհական ընդունելության քննությունների անցողիկ միավորների շեմն ամեն տարի իջեցվում է, սակայն գնալով այն չհաղթահարողների թիվը մեծանում է»,- այս մասին «Ազադլիգ» թերթին հայտնել է ընդունելության քննությունների գծով պետկոմիտեի նախագահ Մալեյքա Աբբասզադեն` նշելով, որ դժվար չէ պատկերացնել, թե մոտակա տարիներին Ադրբեջանում ինչ մակարդակի մասնագետներ են աճելու:
Ադրբեջանի Ժողճակատ կուսակցության փոխնախագահ Նուրեդդին Մեմմեդլին Ադրբեջանում կրթության ներկայիս վիճակը բնութագրել է որպես «ռազմավարական նշանակության աղետ»:
«Այսօր հիմնական խնդիրն այն է, որ երկրի բարձրագույն ղեկավարման համակարգում, անկախ կրթության մակարդակից, տեղ են գտնում միայն մի փոքր խմբի զավակները, իսկ շատ թե քիչ կրթություն ստացածները մնում են անտեսված: Դրա արդյունքում համազգային մոտեցման է վերածվել «կրթությունը ոչինչ չի որոշում» թեզը: Ամեն տարի ընդունելության անցողիկ միավորներն իջեցվում են: Ադրբեջանում բարձրագույն կրթությամբ մարդկանց կարիք չունեն: Իշխանությանը ստրուկի հոգեբանություն ունեցող հասարակություն է պետք, ինչն էլ նրանք հեշտությամբ պատրաստում են», -ասում է Ժողճակատի գործիչը:
Ն.Մեմմեդլին նշում է նաև, որ համակարգի նման ձևավորումը կատարվում է կրթության բնագավառում պետական բյուջեի միջոցները զանգվածային չափերով յուրացնելու ֆոնին: Նրա խոսքով, Ադրբեջանում կրթության բնագավառի աղետալի վիճակը երկարատև բացասական ազդեցություն կթողնի ադրբեջանական ժողովրդի ընդհանուր զարգացման մակարդակի վրա: