Ս.Մինասյան. Հայաստանի կողմից Արցախի հնարավոր ճանաչումը` պատերազմը զսպող ռեսուրս է
Արևելյան Թիմորի, Կոսովոյի, Աբխազիայի և Հվ.Սուդանի անկախությունից հետո ոչ ոք չի խոսում այն մասին, որ չկան իրավական կամ քաղաքական հիմքեր չճանաչելու Արցախը»,- այսօր ասուլիսին հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Հարցին, թե հնարավոր է, որ մոտ ժամանակներս Արցախը դառնա բանակցային կողմ, քաղաքագետն ասաց, որ եթե Ադրբեջանը համաձայնի նրան, որ Արցախը դառնա բանակցային կողմ, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանը ջուրն է նետում վերջին տասնամյակի քարոզչական աշխատանքը:
«Եթե Ադրբեջանը Արցախի հետ նստում է բանակցային սեղանի շուրջ, ապա առնվազն դա նշանակում է, որ Ադրբեջանը համակերպվել է Հայաստանը Արցախին կապող միջանցքի հետ»,- նշեց քաղաքագետը: Սակայն ասաց, որ մոտակա ժամանակներս չի ակնկալում , որ Արցախը կներգրավվի բանակցային գործընթացին: Հարցին, թե ո՞րն է հայկական կողմերի զիջումների առավելագույն շեմը, բանախոսը ասաց, որ դեռ վաղ է խոսել փոխզիջումների մասին, քանի դեռ Ադրբեջանը որդեգրել է «կամ ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը:
Հարցին, թե ո՞ր դեպքում Հայաստանը կարող է պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը, քաղաքագետը պատասխանեց հետևյալը. «Պատերազմը սկսվելուց երկու օր հետո»: Սակայն հավելեց, որ այժմ նպատակահարմար չէ ճանաչել Արցախի անկախությունը, քանի որ դա կնշանակի բանակցային գործընթացի ավարտ: Իսկ Հայաստանի կողմից Արցախի հնարավոր ճանաչումը, նրա կարծիքով, պատերազմը զսպող ռեսուրս է:
Անդրադառնալով Եվրոպական կառույցների հնարավոր ներգրավածությանը Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը` վերջինս նշեց, որ երբ մենք Եվրոպական կառույցների ներկայացուցիչների առջև դնում ենք Արցախի ժողովրդի տարրական իրավունքների խնդիրները, ապա «իրենք փակուղու մեջ են հայտնվում», քանի որ, ըստ նրա, «Եվրոպայի համար մարդու իրավունքը իմպերատիվ գաղափար է»: Նա նշեց, որ Եվրամիության հումանիտար մասնակցությունը արցախյան ներքին կյանքին դրականորեն կանդրադառնա բանակցային գործընթացի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան