Հետազոտություն. «Հարցվածների 50 տոկոսից ավելին ավելի շատ հավատում են առցանց հրապարակումներին»
«Առաջին անգամ է USAID ֆինանսավորել նմանատիպ նախագիծ, որն իր մեջ ներառում է Հայաստանում ԶԼՄ-ների մասին հանրային կարծիքի ուսումնասիրությունը: Այս ուսումնասիրությունն այնքան էլ սովորական չէ, քանի որ մենք ուզում էինք հարցնել Հայաստանի ազգաբնակչությանը, թե ԶԼՄ-ներից ո՞ւմ են վստահում, որի՞ հաղորդումներին ու հրապարակումներին հավատում և այլն»,- ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացնելով վերոհիշյալ ուսումնասիրությունը նշեց «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը:
Սա ելակետային հետազոտություն է, որը չորս տարի տևողությամբ է նախատեսված, ինչը ցույց կտա այդ ընթացքում, թե ի՞նչ տեղաշարժեր են եղել: Հետազոտության մեթոդաբանությունը հիմնված է եղել 90 հարց պարունակող հարցաթերթիկների, ինչպես նաև հարցազրույցների վրա: Մասնակցել են ՀՀ մարզերի 1400 տնային տնտեսություններ:
Ըստ այդմ, պարզվել է, որ, ինչպեսև սպասելի էր, ընթացիկ իրադարձությունների և նորությունների մասին ազգաբնակչությունը գերադասում է տեղեկանալ հեռուստաալիքներից, ընդ որում պարզվել է, որ ՀՀ բնակչության 1/3-ը հաճույքով դիտում է ռուսական հեռուստաալիքները: Իսկ ինչ վերաբերում է վստահությանը, ապա ազգաբնակչության 10 տոկոսը լիովին վստահում է ՀՀ հեռուստաընկերություններին, իսկ 42 տոկոսն «ավելի շուտ վստահում է» պատասխանն են ընտրել:
Ամենից քիչ մարզերին հասանելի են թերթերը, սակայն հարցվածների 76 տոկոսը գերադասում է թերթերին ծանոթանալ ավանդական միջոցով, մինչդեռ միայն 7 տոկոսն է, որ ծանոթանում է թերթերի հրապարակումներին առցանց: Հիմնական թեման, որ գերադասում են կարդալ տպագիր մամուլում քաղաքականությունն է:
Հարցվածների 50 տոկոսից ավելին ընդգծել են, որ առցանց հրապարակումներին ավելի շատ են հավատում, քան ավանդական ԶԼՄ-ներին` TV-ին, թերթերին և այլն: Առցանց ԶԼՄ-ները, ինչպես նաև սոցիալական կայքերը նաև ավելի անկախ են դիտվում կառավարությունից, քան հեռուստաընկերություններն ու տպագիր մամուլը:
Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Ինտերնյուս ցանցի , Լրատվամիջոցներին աջակցություն Ինտերնյուս հկ-ի և Երևանի մամուլի ակումբի կողմից` USAID աջակցությամբ: