Սարդարապատի հուշահամլիրում տոլմա են եփելու. Փառատոն է
Հուլիս 14-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա ազգային-ավանդական ճաշատեսակի` տոլմայի փառատոն: Այն կազմակերպում է «Հայ Խոհարարական ավանդույթների Զարգացման և Պահպանման» ՀԿ-ն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Կազմակերպիչները նշում են, այս միջոցառման նպատակը հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացումն է և հայոց ոչ նյութական մշակութային արժեքներից մեկը համարվող հայկական խոհանոցի ամրագրումը, ինչպես նաև տոլմայի ներկայացումը որպես հայկական կերակրատեսակ՝ հերքելով այն տարածված թյուր կարծիքը, թե այդ կերակրատեսակը թուրքական արմատներ ունի:
Փառատոնը անցկացվելու է մրցույթային ձևով: Մրցույթային մասին կմասնակցեն ինչպես Հայաստանի առաջատար ռեստորաններ, այնպես էլ անհատներ Երևան քաղաքից և մարզերից. ընդհանուր առմամբ՝ 20 մասնակից, որոնցից յուրաքանչյուրը տեղում կպատրաստի ավանդական տոլմայի իր տարբերակը՝ յուրօրինակ բաղադրատոմսով: Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով:
Հրավիրված են նաև մասնակիցներ Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, Հնդկաստանից և Վրաստանից: Հաղթողներին կհանձնվեն մրցանակներ մի քանի անվանակարգերում: Միջոցառման բարձր տրամադրությունն ապահովելու համար նախատեսվում է մրցույթը զուգակցել «Կարին» ազգագրական համույթի երգ ու պարով:
Փառատոնի պատվավոր հյուրերն են լինելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցող հայ և օտարազգի անվանի դերասանները, ռեժիսորները, կինոաշխարհի անվանի մարդիկ, ինչպես նաև պաշտոնատար անձինք, որոնք ընդգրկվելով ժյուրիի կազմում, որոշելու են փառատոնի հաղթողներին: Միջոցառմանը հրավիրվելու են՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ԱԺ այլ պատգամավորներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ, մտավորականներ, տարբեր ՀԿ-երի, դեսպանատների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և այլն:
Փառատոնը կսկսվի 18:00-ին և կշարունակվի մինչև 22:00-ն: