Իրանցի պաշտոնյա. «Նախատեսվում է, որ 5 հազար քրիստոնյա կայցելի Ղարաքիլիսայի հայկական եկեղեցում մատուցվող պատարագին»
«Իրանի Արևմտյան Ազարբայջան նահանգում գտնվող հայկական Ղարաքիլիսա եկեղեցում կատարվող ամենամյա կրոնական արարողությունը հնարավորինս լավ կազմակերպելու նպատակով տեղի իշխանությունները ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր քայլերը»:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր կայացած միջոցառումները համակարգող նիստի ընթացքում հայտարարել է Չալդրան շրջանի ղեկավար Համիդռեզա Ղոլի Փուրը:
«Այս տարի նախատեսվում է, որ ս.թ. հուլիս 21-ին Ղարաքիլիսայի եկեղեցում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու նպատակով, ինչպես Իրանից, այնպես էլ ամբողջ աշխարհից մոտ 5 հազար քրիստոնյաներ կայցելեն:
Միջոցառման մասնակիցների հարմարավետությունն ապահովելու նպատակով կգործեն կապի, ինչպես նաև շտապօգնության ծառայությունները»,-նշել է իրանցի պաշտոնյան:
Ատրպատականի հայոց թեմի խորհրդի նախագահ Վ. Մելոյանը, միջոցառումների պատշաճ կազմակերպելու համար բարձր գնահատելով Արևմտյան Ազարբայջան նահագի ղեկավարության ջանքերը, նշել է, որ դա վկայում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարգում է ազգային փոքրամասնությունների իրավունքները:
«Ղարաքիլիսա եկեղեցին Արևմտյան Ազարբայջան նահանգում գտնվող երրորդ մշակութային կոթողն է, որ ճարտարապետության տեսանկյունից լինելով համաշխարհային նշանակության կոթող, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Հայերը հավատում են, որ եկեղեցու կառուցման վայրում նահատակվել և թաղվել է Հիսուս Քրիստոսի առաքյալներից մեկը՝ Թադևոսը»,-եզրափակում է իրանական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են