ՀՀ նախագահ. Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը` փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ: Ինչպես հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գարսենյակից, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
ՀՀ նախագահը նշել է, որ այսօրվա խորհրդակցությամբ շարունակվում է դատաիրավական համակարգի խնդիրների քննարկմանը նվիրված հանդիպումների շարքը: Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է երկրում իրականացվող իրավական բարեփոխումների առաջնահերթ խնդիրներին, հասարակության անդամների համար արդարադատության մատչելիության ապահովման, դատարանների գործունեությունն ավելի թափանցիկ և արդյունավետ դարձնելու ուղղությամբ աշխատանքին: Հանրապետության ղեկավարի խոսքով, այդ առաջնայնությունները մինչ օրս եղել են համակարգում առկա հիմնախնդիրների շուրջ անցկացվող քննարկումների առանցքում և, բնականաբար, դրանք շարունակվելու են մնալ որպես այդպիսին:
«Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը` նոր գաղափարների և մոտեցումների իրականացման ճանապարհով որակապես և սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Սա մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է»,-ընդգծել է Նախագահը: