Տ. Սարգսյան. «Կառավարությունը չի պատրաստվում սուբսիդավորել բուհերը»
Այս տարի, ինչպես գիտենք, հանրապետության հանրակրթական դպրոցները շրջանավարտներ չտվեցին, ինչ իր հետ առաջ քաշեց լրջագույն մի խնդիր` ի՞նչ են անելու բուհերը, եթե ընդունվողների թիվն այս տարի կրճատվել է մի քանի անգամ: Այս հարցն այսօր Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, ուր հյուրընկալվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձրաձայնեց նաև բուհի դասախոսներից մեկը:
Դիմելով վարչապետին, նա հետաքրքրվեց, թե ի՞նչ է մտադիր անել կառավարությունը, որպեսզի փոքր-ինչ օգնի բուհերին նման իրավիճակում, քանզի այն կարող է բացասաբար անդրադառնալ հատկապես դասախոսական կազմի կենսամակարդակի վրա և արդյո՞ք գործադիրը մտադիր չէ սուբսիդավորել բուհերը:
Վարչապետի պատասխանը կարճ էր ու կոնկրետ. «Ոչ, կառավարությունը չի պատրաստվում սուբսիդավորել բուհերը: Մենք գտնում ենք, որ բուհերն ունեն համապատասխան ներուժ մշակելու ծրագրեր, որոնք կմեղմեն այս բացասական ազդեցությունը որոշակի ժամկետում»,- հայտարարեց վարչապետը:
Իսկ անդրադառնալով կոնկրետ ԵՊՀ-ին, վարչապետ Սարգսյանը նշեց, որ ձգտելու են ԵՊՀ-ն միջազգային ակրեդիտացիա անցնի: