Ադրբեջանում սպաներին ճնշման են ենթարկում. նոր կոռուպցիոն բացահայտումներ
Ադրբեջանի Բեյլագանի շրջանում տեղակայված զորամասերից մեկի երեք սպաներ նամակ են հղել երկրի նախագահ Իլհամ Ալիևին, որով իրազեկել են ադրբեջանական բանակում տեղի ունեցող կոռուպցիոն դրսևորումների մասին:
Այս մասին տեղեկացնում է «ANS» գործակալությունը:
Նշյալ զորամասում ծառայություն անցնող կապիտան Ռամին Հասիմովը, լեյտենանտ Ասկեր Ասկերովը և ենթասպա Շախլար Ռզաևը տեղեկացրել են, որ ուժեղ քամու պատճառով հիմնովին ավերվել է զորանոցների տանիքները, ինչի կապակցությամբ դիմել են գումարտակի հրամանատար Էլմիր Գուլիևին: Վերջինս նրանց պարտադրել է սեփական գումարներով վերանորոգել զորամոցները:
Զորամասի սպաները ստիպված են եղել սեփական միջոցներով շինանյութեր գնել, որպեսզի կատարեն վերադասի կողմից տրված հրամանը, սակայն մեծ գումարի պատճառով ծանր դրության մեջ են հայտնվել:
Սպաները նաև պահանջել են, որպեսզի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սահմանված ձևով գումարներ տրամադրի զորանոցների վերանորոգման համար, քանի որ իրավիճակը շատ ծանր է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ նշյալ սպաներն իրոք ադրբեջանական բանակի կադրային սպաներ են, տեղեկացնելով, որ ՊՆ-ն հետաքննություն է անցկացնում:
Նշենք, որ նախագահին դիմած սպաները նաև նշել են, որ իրենք և իրենց ընտանիքները զորամասի հրամանատարության կողմից ճնշումների են ենթարկվում: