Ադրբեջանցի օլիգարխները զորամասերի հրաձգարանները ցորենի դաշտերի են վերածել
Ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը անդրադարձել է լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվության, որի համաձայն ադրբեջանական բանակի երեք սպաներ ստիպված են եղել նամակով դիմել լրատվամիջոցներին, որպեսզի իրենց խոսքը հասցվի նաև նախագահ Ալիևին:
Թերթը նոր բացահայտումներ է արել:
Ադրբեջանի Հարամի կոչված հարթավայրում տեղակայված զորամասերից մեկում ուժգին քամին քշել տարել է զորանոցի տանիքը: Այդ բնական աղետից հետո փող չլինելու հիմնավորմամբ բրիգադի հրամանատարությունը հրաժարվել է վերանորոգել կիսաքանդ եղած զորանոցը:
Զորամասի հրամանատար Էլմի Գուլիևը երկար ժամանակ բաց երկնքի տակ գիշերող զորամասի ստորաբաժանումների և ջոկատների հրամանատարներ, կապիտան Գասիմովից, լեյտենանտ Ասգեր Ասգերովից և ենթասպա Շահլար Ռզաևից պահանջել է զորանոցի վերանորոգումը կատարել կամ սեփական աշխատավարձի հաշվին, կամ էլ` զինվորներից փող հավաքելու միջոցով: Վերջիններս ստիպված` իրենց աշխատավարձի քարտերը գրավ են դրել շինանյութերի խանութում և կատարել վերանորոգումը:
Սակայն բրիգադի հրամանատարությունը հրաժարվում է վճարել խանութի պարտքը և վերադարձնել սպաների աշխատավարձի քարտերը:
Ճարահատյալ` հիշյալ սպաները նամակով դիմել են «Բիզիմ յոլ» թերթին, որպեսզի թերթի միջոցով իրենց հետ պատահածը հասցնեն Ադրբեջանի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևին:
«Մենք մեր հողերի պաշտպաններն ենք: Իսկ դրա փոխարեն մեր աշխատավարձի քարտը գրավ է դրված խանութում: Առանց այն էլ մինչ այժմ զորամասում բոլոր փոքր վերանորոգումները մենք մեր հաշվին ենք կատարել: Այլևս չի կարող այսպես շարունակվել, չէ որ մենք ընտանիքի տեր ենք: Բանակում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ չենք կարողանում զինվորներին հայրենասիրություն սերմանել»,- նամակում գրել են սպաները:
Նրանք նաև հայտնել են, որ զորամաս տանող ճանապարհները քարուքանդ վիճակում են, ինչի պատճառն այն է, որ չինովնիկները զավթել են զորամասին պատկանող տասնյակ հազարավոր հա տարածքները և ցորեն ցանել վարժանքների համար նախատեսված այդ տարածքներում: Զինվորականները հավելել են, որ զորմասում խմելու ջուր բոլորովին չկա:
Նամակի վերջում զինվորականները Ադրբեջանի ՊՆ-ից պահանջում են խանութին փոխանցել զորամասի վերանորոգման համար արված ծախսը և վերադարձնել իրենց աշխատավարձի քարտերը:
«Հետաքրքրական է, որ լուրը հրապարակվելուց հետո զորամաս եկած ՊՆ չինովնիկները, սպաների հայտնած փաստերը հետազոտելու փոխարեն, վերջիններիս նկատմամբ ճնշումներ են բանեցրել և մեղադրել նրանց հայերի օգտին աշխատելու մեջ: Սպաների ծնողների խոսքերով` ՊՆ ներկայացուցիչները սպառնացել են նրանց: Իսկ ահա, մեկնաբանելով իրավիճակը, բրիգադի նախկին հրամանատար, գնդապետ Իլդիրիմ Մեմմեդովն ասում է, որ լուրը հայտնած սպաներն անպայման ճնշումների են ենթարկվելու:
Ըստ նրա` արդեն 10 տարի է խոսում են ադրբեջանական բանակում սպա-զինվոր հարաբերությունների վատ լինելու, կանոնադրական հարաբերություններից դուրս հաճախակի դեպքերի հիմքում սպաների կենսամակարդակի ցածր լինելու մասին:
Բաքվում ոչ մի գործարան մարտական տարածաշրջանում գտնվող զորամասերի համար բլինդաժներ, ճաշարաններ, զորանոցներ չի պատրաստում: Դրանք բացակայում են: Մարտական տարածաշրջանում լինելով հանդերձ, այդ երրորդ կորպուսի նկատմամբ բարձր մակարդակի ուշադրություն չկա: Ադրբեջանի բանակում կարծես հրաժարվել են մտածել զինվորի մասին: Կառավարությունում նման գործերին օգնող որևէ կառույց չկա: Բայց չէ՞ որ երկիրը մեծ գումարներ է ծախսում բանակի վրա: Ուրեմն տեսեք թե զինվորներականների վիճակն ինչքան է վատացել, որ վերջիններս հույսը դրել են թերթի միջոցով իրենց հարցերը լուծելու վրա»,- գրում է «Բիզիմ յոլը»: