Վերապատրաստվում են շախմատի ուսուցիչները
Արագածոտնի մարզում սկսվել է սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցներում շախմատ առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: Մարզպետրաանից հայտնեցին, որ մինչ վերապատրաստման դասընթացները, նրանք մասնակցել են մրցույթին, որտեղ էլ հաղթելով, իրավունք են ստացել տարրական դասարաններում շախմատ ուսուցանել:
Ընդհանուր առմամբ վերապատրաստման դասընթացներին մասնակցում է 96 հոգի, որոնք բաժանված են 3 խմբի: Ըստ տարածաշրջանների, դասընթացներն ընթանում են Աշտարակ, Թալին և Ապարան քաղաքներում: Դասերը վարում են շախմատի ակադեմիայի մասնագետները:
Պարապմունքները կընթանան հուլիսի 12-14-ը, որից հետո մասնակիցները թեստային քննություն կհանձնեն և կստանան շախմատի ուսուցչի հավաստագրեր:
Հիշեցնենք, որ երեկվա նիստում կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն ՀՀ տարրական դասարաններ ունեցող դպրոցներում նոր ուսումնական տարվանից կդասավանդվի «շախմատ» առարկան։ Երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում շախմատի դասավանդման համար նախատեսվել է շաբաթական երկուական դասաժամ։