15 երկրների երիտասարդներ ներկայացրին իրենց մշակույթը
Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Եվրոպական մշակութային երեկո։ Միջոցառմանը մասնակցեցին եվրոպական 15 երկրների (Սլովակիա, Հունաստան, Գերմանիա, Հունգարիա, Նիդեռլանդներ, Իտալիա և այլն) ավելի քան 20 երիտասարդներ: Երեկոյի ընթացքում եվրոպացի երիտասարդները ներկայացրին իրենց մշակույթը, խոհանոցը, երգն ու պարը:
Եվրոպական մշակութային երեկոյի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Երևանի եվրոպական ուսանողների ֆորում» ասոցիացիա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (AEGEE-Երևան)։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն այս ամիս արդեն երկրորդ ամառային դպրոցն է կազմակերպում։
«Օրերս Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ անցկացրեց «Ուսանողների դերն ու ներգրավվածությունը Բոլոնիայի գործընթացում» թեմայով ուսանողական միջազգային ամառային դպրոցը։ Միջմշակութային ամառային համալսարանը երկրորդ ծրագիրն է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն անցկացնում է «Երևանի եվրոպական ուսանողների ֆորում» հասարակական կազմակերպության հետ համատեղ։ Ծրագրի հիմնական շեշտադրումը միջմշակութային հաղորդակցությունն է։ Մեր երիտասարդները ոչ միայն կծանոթանան եվրոպական մշակույթին, այլև եվրոպացի երիտասարդներին կներկայացնեն հայկական մշակույթն ու ավանդույթները»,- նշեց Կարեն Ավագյանը։
Եվրոպական ուսանողների ֆորում կազմակերպության երևանյան մասնաճյուղի նախագահ Շուշան Խաչատրյանը տեղեկացրեց, որ Եվրոպական մշակութային երեկոն իրականացվում է «Միջմշակութային ամառային համալսարան» ծրագրի շրջանակներում:
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, «Ամառային համալսարան» ծրագիրն ավելի քան 20 տարվա պատմություն ունի, և իրականացվում է եվրոպական մոտ 40 երկրում: Այն նպատակ ունի բարձրացնելու եվրոպական երկրների երիտասարդության իրազեկվածությունն այլ երկրների մշակույթների, ազգային առանձնահատկությունների, ոչ ֆորմալ կրթության, կամավորության, միջազգային համագործակցության վերաբերյալ: Ծրագիրն ամեն տարի անցկացվում է ավելի քան 25 եվրոպական երկրներում։ Հայաստանում այն անցկացվում է առաջին անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են