«Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակվում է
2009թ. ՀՀ սփյուռքի նախարարությունն իրականացնում է Հայաստանի և Սփյուռքի հայկական կրթօջախների միջև «Քույր դպրոցներ» ծրագիրը, որի նպատակն է համատեղ ուսումնական, կրթական ծրագրերի իրականացումը, Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում կրթական, մշակութային տեղեկատվության փոխանակումը, կրթօջախների, մանկավարժների և աշակերտների ծանոթացման նպատակով փոխայցելությունների կազմակերպումն ու Սփյուռքում հայապահպանության նպատակով նախատեսվող այլ միջոցառումների իրականացումը:
Այսօր արդեն հայաստանյան և սփյուռքյան շուրջ երկու տասնյակ դպրոցներ են «քույրացել»: Իրականացնում են տարբեր ծրագրեր:
Հուլիսի 15-ին Երևանի Վազգեն Առաջինի անվան N168 դպրոցը նույն ծրագրի շրջանակներում հյուրընկալեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներին, Նիդեռլանդներում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական, «Հայկական կազմակերպությունները համակարգող միության» նախագահ Սմբատ Մարտիրոսյանին և Նիդեռլանդներերի հայ համայքնի մի շարք երիտասարդներ:
Նշյալ ծրագրի շրջանակներում նույն` Երևանի Վազգեն Առաջինի անվան N168 և Ամստերդամի մեկօրյա դպրոցների միջև, ի դեմս համապատասխան կրթական հաստատությունների տնօրեններ Ս. Գալստյանի և Ս. Մարտիրոսյանի, կնքվեց համագործակցության համաձայնագիր:
Կողմերը փոխանակեցին հուշանվերներ և պատրաստակամություն հայտնեցին ամրացնել և պահպանել միմյանց նկատմամբ արդեն իսկ ձեռք բերված վստահությունը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից: