Կ. Սարիբեկյան. Ադրբեջանը նոր սադրանքների համար հող է նախապատրաստում
«Ադրբեջանցիների ֆանտազիան երևի անսահման է, ինչ ասես չեն հնարում: Հատուկ նման շանտաժի գնացող ադրբեջանցիների համար հարց եմ հնչեցնում. ինչպե՞ս կարող էր խաղալիքը, որում պայթուցիկ սարք էր տեղադրված գետի մակերեսով հասնել Ադրբեջան: Նախ այն ծանրությունից կսուզվեր, երկրորդ, թրջված պայթուցիկ սարքը կամ ավելի վաղ կպայթեր կամ ընդհանրապես շարքից դուրս կգար: Ամեն դեպքում դեպքերի նման զարգացումը բացառվում է»,- այս մասին Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով ոչ պաշտոնական աղբյուրներին, տեղեկացնում են, որ Հայաստանին սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում փափուկ խաղալիքի պայթյունից ադրբեջանցի 13-ամյա երեխա է մահացել: Ադրբեջանում լուրեր են տարածվել, թե այդ խաղալիքն Ադրբեջանում է հայտնվել Հայաստանից Ադրբեջան հոսող գետի միջոցով, և թե, իբր, դա հայկական կողմից իրականացված դիվերսիոն գործողություն է:
Պատգամավորը նշեց, թե պատմությունը ցույց է տալիս, որ հայը ի վիճակի չէ երեխայի նկատմամբ նման սանձազերծության գնալ, իսկ ինչ վերաբերվում է ադրբեջանցիներին, ապա չի բացառվում, որ նրանք փորձելու են այդ «սարքված փաստն» օգտագործել, որպեսզի շփման գծում սադրանքների գնան:
«Ամո՛թ է, գոնե երեխայի մահը քարոզչական միջոցների համար մի օգտագործեք, հասկացեք՝ սրբապղծություն է: Եվ դեռ հարց է՝ արդյո՞ք ընդհանրապես ինչ-ինչ հանգամանքներում երեխա է մահացել»,- հռետորական հանչ հնչեցրեց Կ. Սարիբեկյանը: