Երևանի բնակիչներն ականատես կլինեն ռոբոտների քաղաքային ցուցադրությունների
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության /ԱրմՌոբոտիքս/ շրջանակում նախատեսում է հուլիս ամսից կազմակերպել առաջնությանը մասնակցած ռոբոտների քաղաքային ցուցադրություններ:
Ցուցադրությունների նպատակն է ներկայացնել հասարակության առավել լայն շերտերին ԱրմՌոբոտիքսի մասնակիցների աշխատանքները, նպաստել ճարտարագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, ինչպես նաև հետաքրքիր դարձնել Երևանի բնակիչների ամառային առօրյան:
Միությունից հայտնում են, որ ցուցադրությունները կանցկացվեն հետևյալ վայրերում համապատասխան ժամանակացույցով` Շ. Ազնավուրի անվան հրապարակ - հուլիսի 19, ժամը 19:00, Թումանյանի անվան այգի – հուլիսի 22, ժամը 19:00, Ազատության հրապարակ – օգոստոսի 5, ժամը 19:00, Նոր Նորքի 2-րդ զանգվածի այգի – օգօոստոսի 12, ժամը 19:00, «Սիրահարների» զբոսայգի – սեպտեմբերի 1, ժամը 19:00:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ կարևորում է ռոբոտաշինության վերականգնումը և զարգացումը Հայաստանում: «Առաջնության միջոցով նպատակ ունենք ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում: Բացի այդ, մրցույթները, ակումբները, խմբակները, ցուցադրությունները լավագույն միջոցներն են երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարավորությունները վերագնահատելու համար»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարևոր է համարում երիտասարդների ներուժը ռոբոտաշինության զարգացման գործում: Հայաստանի առաջատար բջջային օպերատորը վստահ է, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում բացահայտել երիտասարդ կադրերի ներուժը և հավակնոտ քայլերով ապահովել զարգացման միջազգային մակարդակ:
Նշենք, որ ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորն է «Առվա» ընկերությունը: