Ղրիմի 7 դպրոցներում հայերենի ուսուցման դասընթացներ կկազմակերպվեն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ կարճ ժամանակահատվածում դեսպանին հաջողվել է նոր մակարդակի բարձրացնել հայ-ուկրաինական համագործակցությունը, ակտիվ կապեր հաստատել հասարակական կյանքի տարբեր բնագավառներում: Նախարարը հույս է հայտնել, որ երկու պետությունների համագործակցության արդյունքում կրթության ոլորտում ևս կարձանագրվեն նորանոր ձեռքբերումներ:
ԿԳՆ հաղորդմամբ, հանդիպման ընթացքում դեսպանն անդրադարձել է երկու պետությունների Նախագահների և խորհրդարանների նախագահների մակարդակով վերջերս կայացած հանդիպումներին, որոնց արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ` շարունակելու և զարգացնելու երկու պետությունների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցությունն ու փոխշահավետ կապերը: Դեսպան Իվան Կուխտան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին է հանձնել այս տարի սեպտեմբերին Կիևում կայանալիք «21-րդ դարի կրթությունը» թեմայով կոնֆերանսին մասնակցության` Ուկրաինայի կրթության նախարարի հրավերը, որին հրավիրված են Եվրոպայի և ԱՊՀ երկրների մոտ 40 պետությունների կրթության և գիտության նախարարներ:
Դեսպանը, անդրադառնալով Հայաստանի կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների լայնածավալ գործընթացներին, բարձր է գնահատել ձեռքբերված հաջողությունները և նշել, որ Ուկրաինայի համար նույնպես կարևոր է կրթության ոլորտում օգտագործել Հայաստանի փորձն ու առաջընթացը: Հանդիպման ժամանակ դեսպան Իվան Կուխտան նշել է Ղրիմի 7 դպրոցներում հայերենի ուսուցման դասընթացներ կազմակերպելու նախաձեռնության մասին: Նա նախարարին տեղեկացրել է նաև Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ուկրաիներենի դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ բուհի ղեկավարության հետ տարվող աշխատանքների ընթացքի մասին: Դեսպանն անդրադարձել է նաև հայ համայնքի ակտիվ մասնակցությանը` Ուկրաինայի քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում:
Նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Ուկրաինայի կրթության նախարարի հրավերին, հավաստել է ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնակցությունը Կիևում նախատեսվող կոնֆերանսին: Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների ներկայիս ընթացքն ու ձեռքբերումները, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ուսումնամեթոդական աջակցություն ցուցաբերել Ղրիմի դպրոցներում հայերեն լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպման աշխատանքներին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է դեսպանին Բոլոնիայի գործընթացի շրջանակում սեպտեմբերին Հայաստանում նախատեսվող կոնֆերանսի մասին և հույս հայտնել, որ կոնֆերանսին կմասնակցի նաև Ուկրաինայի իր գործընկերը:
Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարն ու Հայաստանում Ուկրաինայի դեսպանն իրենց գոհունակությունն են արտահայտել երկու պետությունների միջև կրթության ոլորտում ընթացող արդյունավետ համագործակցության վերաբերալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան