Գավառի մանկապարտեզներում շատ դաստիարակներ չունեն համապատասխան մասնագիտական կրթություն. ՀԵՀ
Գավառի տարածաշրջանում գործում է 14 մանկապարտեզ: Նախադպրոցական հաստատություններ է հաճախում 756 երեխա, որոնցից 352-ը 5-6 տարեկան են: Գործում է 28 խումբ: Այդ հաստատություններում աշխատող կադրերի մեծ մասը չի անցել վերապատրաստման դասընթացներ: Հաստատություններում աշխատող կադրերի վերապատրաստման հարցն արմատական բարելավման կարիք ունի։ Մանկապարտեզներում աշխատող շատ դաստիարակներ չունեն համապատասխան մասնագիտական կրթություն, և խիստ կարևոր է նման դասընթացի անցկացումը, ինչը թույլ կտա նրանց ստանալու համակողմանի գիտելիքներ, որոնք կկիրառվեն հետագա աշխատանքում:
«Գավառի առաջադեմ բնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ կիրականացնի «Նախադպրոցական հաստատությունների տնօրենների, դաստիարակների և երաժշտության դաստիարակների վերապատրաստման դասընթաց» ծրագիրը։
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, «Գավառի առաջադեմ բնագետների միավորում» ՀԿ-ն այն 8 կազմակերպություններից է, որոնք հաղթել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքում։
«Գավառի առաջադեմ բնագետների միավորում» ՀԿ-ն Գավառի տարածաշրջանի նախադպրոցական հաստատությունների 28 դաստիարակների, 14 տնօրենների, 13 երաժշտության ուսուցիչների համար հուլիս-օգոստոս ամիսներին կկազմակերպի վերապատրաստման դասընթացներ, որոնք նրանց թույլ կտան զարգացնել մասնագիտական կարողությունները, ծանոթանալ նախադպրոցական հաստատություններում ներդրված նոր չափորոշիչներին, ծրագրերին, ուսուցման նոր մոդելներին ու մեթոդներին։
Ծրագրի շրջանակներում վերապատրաստում են անցնելու Գավառի, Լանջաղբյուրի, Սարուխանի, Լճափի, Ծովազարդի, Կարմիրգյուղի, Նորատուսի նախադպրոցական հաստատություններում աշխատող տնօրենները, դաստիարակները և երաժշտություն դասավանդողները։ Վերապատրաստման ծրագիրը համապատասխանում է ՀՀ կրթության ազգային ինստիտուտի սահմանած չափորոշիչներին: