Ի. Զաքարյան. «Ֆինանսական ողջ գործընթացները վերահսկելու են Վերահսկիչ պալատի մասնագետները»
Համահայկական խաղերի կազմակերպման և անցկացման համար պետական բյուջեից, ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, հատկացվել է 80 մլն դրամ: Այդ գումարը կոմիտեն դեռ չի ստացել, բայց միևնույն է, հասկանալի է, որ այն չի կարող բավարարել` խաղերի սպասարկման, բացման և փակման արարողությունների հետ կապված հսկայական աշխատանքներն իրականացնելու համար:
«Այսօրվա դրությամբ դեռևս ոչ մի լումա ծախսված չէ,- նշեց Համաշխարհային կոմիտեի նախագահը:- Պետբյուջեից հատկացվել է ընդամենը 80 մլն դրամ, որը Համաշխարհային կոմիտեն դեռ չի ստացել: Այս հսկայական աշխատանքները կատարելու համար պետական բյուջեի միջոցները հաստատ չեն հերիքելու: Այդ իսկ պատճառով մենք ընդգրկել ենք հովանավորների, որոնց անունները հանրությունն անպայման կիմանա: Սա պետական լրջագույն միջոցառում է, որը շատ մեծ նշանակություն ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Հովանավորները հասկանում են դա ու սիրով են մասնակցում մեր աշխատանքներին: Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել, թե որքան գումար կծախսվի, բայց խոստանում եմ Խաղերի ավարտից հետո հրապարակել բոլոր ծախսերը: Ֆինանսական ողջ գործընթացները վերահսկելու են Վերահսկիչ պալատի մասնագետները, և չեմ կարծում, որ որևէ մեկի մտքով բացասական ինչ-որ բան կանցնի: Լավ աշխատողներին նորմալ վարձատրելու ենք օրենքի սահմաններում»:
Եվս մեկ անգամ խոսելով Թուրքիայի հայկական համայնքների մասնակցության մասին` Իշխան Զաքարյանը հայատարարեց, որ, կապված Թուրքիայի հետ, իրենք անակնկալ են պատրաստել:
«Հիանալի անակնկալ ունենք` կապված Թուրքիայի հետ: Բայց այդ մասին հիմա չեմ խոսի: Դա կիմանաք բացման արարողության ժամանակ»:
Պատասխանելով այն հարցին` արդյոք նպատակահարմա՞ր չէր մեծացնել Համահայկական խաղերի անցկացման աշխարհագրությունը և որոշ մրցումներ կազմակերպել նաև Ստեփանակերտում, Համաշխարհային կոմիտեի նախագահն ասաց, որ ընթացքում որևէ բան չի կարող փոխել, թեպետ ընդունում է, որ համաձայնության դեպքում հնարավոր է նման մոտեցում կիրառել:
«Ես նույնպես լսել եմ, որ քննարկվել է Ստեփանակերտում Խաղերի անցկացման հնարավորության հարցը: Բայց ես Համաշխարհային կոմիտեն գլխավորեցի այն ժամանակ, երբ գործկոմն արդեն կայացրել էր Խաղերի անցկացման հետ կապված բոլոր որոշումները: Ընթացքում որևէ բան չի կարելի փոխել, և ես չեմ էլ պատրաստվում դա անել: Իհարկե, ընդունում եմ, որ հարցը կարելի է քննարկել գործկոմում, և գուցե հաջորդ Խաղերի ժամանակ որոշ մարզաձևերի մրցումները կազմակերպվեն ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում: Եթե համաձայնություն լինի, կարող ենք դա անել»:
Երևան ժամանող պատվիրակություններն իրենք պետք է լուծեն ճանապարհածախսի, հյուրանոցի ու սննդի հետ կապված հարցերը: Հնարավոր է` որոշ հյուրանոցներ կփորձեն օգտվել այն իրավիճակից, որ հյուրանոցային համարների մեծ մասն արդեն ամրագրված է: Սակայն Իշխան Զաքարյանը խոստացավ, որ այդ հյուրանոցների` պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները կլինեն հատուկ ուշադրության կենտրոնում:
«Նախորդ Խաղերի ժամանակ յուրաքանչյուր մարզիկ մասնակցության համար պետք է վճարեր 5000 դրամ,- ավելացրեց Իշխան Զաքարյանը:- Ես դա համարել եմ անտրամաբանական և հատուկ շրջաբերական նամակով խնդիրն արդեն հանել եմ օրակարգից: Նաև առաջարկել եմ կառավարությանը, և մոտ օրերս որոշում կընդունվի, որ մասնակիցների վիզաներն անվճար լինեն: Օդանակավակայանում հատուկ այդ նպատակով «կանաչ ճանապարհ» ենք բացելու, որպեսզի մասնակիցները և ռեժիմը շատ արագ անցնեն, և անվճար մուտքի արտոնագիր ստանան»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում