Տ. Սարգսյան. Մենք պետք է ամեն ինչ անենք, որ արտերկրում բնակվող հայ երեխաները ճանաչեն Հայաստանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2005թ. կազմակերպվող «Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի» պաշտոնական բացման արարողությանը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` կառավարության ղեկավարը նշել է, կարևորում է նման միջացառումների անցկացումը, այդօրինակ ձեռնարկումները մի քանի խորհուրդ ունեն:
«Առաջինը մեր միասնականության խորհուրդն է: Մենք փաստում ենք, որ որտեղ էլ լինենք, մեզ համար կարևորագույն արժեքներն են մեր լեզուն ու գրականությունը, մեր պատմությունն ու մշակույթը: Մենք ապացուցում ենք, որ մեր երեխաներին փոխանցում ենք այդ արժեքները, որ նրանց սովորեցնում ենք հայ մնալ՝ ճանաչել իրենց ինքնությունը, հպարտանալ իրենց արմատներով ու պատմությամբ: Երկրորդ՝ ժամանակակից աշխարհում կարևորագույն խնդիրը, որ ծառանում է մարդու առաջ, ինքնաճանաչողությունն է ու ինքնության խնդիրը: Իսկ որն է հայկական ինքնության խարիսխը, որոնք են հայ ինքնության գիտակցման կարևորագույն տարրերը. իհարկե, մեր պատմությունն ու լեզուն, մեր մշակույթն ու հավատը»,-ասել է կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով, այդ առումով, օլիմպիադայի հիմնական նպատակը, հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը խրախուսելը, խիստ կարևոր է:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ արտերկրում բնակվող հայ երեխաները ճանաչեն Հայաստանը և ամուր կապվեն հայրենիքին: Մենք պետք է Հայաստանում բնակվող մեր երեխաների համար ճանաչելի դարձնենք Սփյուռքը: Այս փոխներթափանցումը միայն հարստացնելու է մեր պատկերացումները, հնարավորություն է տալու ամրացնել մեր միասնականությունը»,-ասել է Տ. Սարգսյանը:
Նա ուրախություն է հայտնել, որ տարեցտարի ընդլայնվում է օլիմպիադայի մասնակիցների աշխարհագրությունը և մեծանում է հետաքրքրությունը համահայկական ընդգրկում ունեցող այս միջոցառման նկատմամբ: Կրթական առումով, համահայկական օլիմպիադաների անցկացումը նպաստում է միասնական կրթական չափորոշիչների ներդրմանը:
«Խորհրդանշական է, որ օլիմպիադան նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Ձեր սերնդի համար ազատ ու անկախ Հայաստանն արդեն իրողութուն է, անշրջելի ու անբեկանելի իրողություն: Առաջիկա օրերին, դուք բոլորդ մրցելու եք ձեր գիտելիքներով, սակայն վստահ եմ, որ այդ մրցակցության մեջ պարտվողներ չեն լինելու: Բոլորդ արդեն հաղթել եք, քանի որ շահելու եք ոչ միայն մրցանակներ, այլև ձեզ մնալու են անմոռանալի և վառ հիշողություններ»,-ասել է վարչապետը:
2011 թ. օլիմպիադային մասնակցում են 12 երկրներից 130 մասնակիցներ և 20 ուղեկցողներ: Մասնակիցները հայերեն ուսուցմամբ ամենօրյա վարժարանների և կրթօջախների (այդ թվում` մեկօրյա) սաներն են, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող և համայնքի հետ կապված հայ և օտարազգի պատանիներ:
Օլիմպիադայի հաղթողների համար նախատեսված են առաջին կարգի՝ 3, երկրորդ կարգի՝ 6 և երրորդ կարգի 9 դիպլոմներ և մրցանակներ: Սահմանվել են հատուկ և խրախուսական մրցանակներ: