ԿԳՆ-ն օգտագործում է ՏՏ ընձեռած հնարավոր բոլոր գործիքները
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներից ձևավորված թիմի անդամների հետ:
Գոհունակություն արտահայտելով ձևավորված համագործակցության վերաբերյալ` նախարար Ա. Աշոտյանը նշել է. «ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի գործակալությունները վերջին երկու տարիների ընթացքում կրթության և գիտության նախարարության համար դարձել են կարևորագույն գործընկերներից մեկը, որը դրսևորվում է մեր կողմից նոր ծրագրերի ու աշխատանքների պլանավորմամբ, իսկ ՄԱԿ-ի կողմից` օպերատիվ արձագանքով ու դրանց իրականացմանն աջակցելու պատրաստակամությամբ»:
Որպես օրինակ նախարարը նշել է «ՀՀ կրթության և գիտության նախարարության հաղորդակցության ռազմավարությունը», որն իրականացվում է և արդեն տվել է որոշակի արդյունքներ:
Նախարարը տեղեկացրել է, որ սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքում Կրթության և գիտության նախարարությունը գտնվում է առաջատարների շարքում` գործունեության հրապարակայնության ու թափանցիկության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու օգտագործման չափանիշներով:
Նախարար Աշոտյանն ընդգծել է նաև, որ նախարարությունն օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավոր բոլոր գործիքները` կրթության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման համար: Անդրադառնալով Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կարողությունների գնահատման ու զարգացման մշակվող ծրագրին` նախարարը կարևորել է երկու պայման. աշխատանքներն ավարտել սեղմ ժամկետում և ստեղծել որակյալ ծրագիր:
«Կրթության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումները ենթադրում են, որ պետք է հզորացվի նաև նախարարության աշխատակազմի կարողությունները, որոնք հիմքեր կստեղծեն ինչպես իրականացվող գործընթացների արդյունավետության, այնպես էլ հասարակական ընկալումներում նախարարության հեղինակության բարձրացման համար»:
Նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ կարողությունների հզորացման գործընթաց նախաձեռնել է նաև ՀՀ կառավարությունը և վստահություն է արտահայտել, որ ծրագրերը միմյանց լրացնելով տալու են ցանկալի արդյունք:
Թիմը նախարարին է ներկայացրել արդեն իրականացված բազային զեկույցի արդյունքները և հետագա գործողությունների պլանը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության արդյունավետության բարձրացման հետ կապված այլ հարցեր: