«News of the World» պարբերկականի սկանդալային գաղտնալսումները բարձրաձայնած լրագրողին մահացած են գտել
Բրիտանական «News of the World» պարբերականի նախկին աշխատակիցներից Շոն Հորը, ով առաջինն էր բացահայտել է պարբերականի գործելաոճը, մահացել է սեփական տանը: Այս մասին գրում է «Guardian» պարբերականը:
Տեղեկատվության համաձայն, Հորը «News of the World» պարբերականում աշխատած տարիներին լավ հարաբերությունների մեջ է եղել խմբագիր Էնդրի Կոուլսոնի հետ: Այնուհետև, հեռացվել է աշխատանքից ալկոհոլի ու թմրանյութերի չարաշահման պատճառով:
Լրագրողը առաջինն է եղել, ով հրապարակել է մամուլում «News of the World»-ի գլխավոր խմբագրի, իր նախկին ընկերոջ աշխատանքային մեթոդների մասին, նշելով, թե գլխավոր խմբագիրը ոչ միայն տեղյակ է եղել հայտնի մարդկանց գաղտնալսումների մասին, այլև էքսկլյուզիվ նյութերի պատրաստման համար ինքն է հրահրել աշխատակիցներին գործելու նման մեթոդներով:
Նախկին լրագրողի մահվան պատճառների մասին դեռևս ոչ մի վարկած չի շրջանառվում: Ոստիկանության տարածած հայտարարության համաձայն, մահվան առնչությամբ կասկածելի հանգամանքներ չեն բացահայտվել:
Նշենք, «News of the World» պարբերականի գործունեության դադարեցումից հետո գաղտնալսումների հետ կապված բրիտանական սկանդալը որ միայն չհանդարտվեց, այլև նոր թափ ստացավ: Նոր բացահայտումների արդյունքում պարզ դարձավ, թե նույն գործելաոճով են աշխատել «News International» տպագրատան տասնյակ լրագրողներ ևս, ովքեր աշխատել են մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին պատկանող պարբերականներում:
Կիրակի օրը` հուլիսի 17-ին, հրաժարական է տվել Լոնդոնի ոստիկանապետ Փոլ Ստիվենսոնը, ով զբաղեցնում էր «Scotland Yard»-ի ղեկավարի պաշտոնը 2009 թ.-ից սկսած: Բրիտանիայի ոստիկանությանը, մասնավորապես, մեղադրում էին վերոնշյալ մեդիաընկերության լրագրողների հետ աշխատելու ու կաշառքի դիմաց գաղտնալսումներն արտոնելու համար: