«Արցախի տարածքում ո՛չ ադրբեջանցի ռազմագերի, ո՛չ էլ քաղաքացիական անձ չկա»
«Արցախի տարածքում ո՛չ ադրբեջանցի ռազմագերի, ո՛չ էլ քաղաքացիական անձ չկա: Ավելին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավելի քան 700 քաղաքացիներ անհայտ կորած են համարվում, որից մոտ 230-ը զինվորականներ են, ավելի քան 400-ը՝ քաղաքացիական անձինք»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Քոչարյանը:
Նշենք, որ Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովն այսօր հրապարակել է իր հերթական հաշվետվությունը, որում նշվում է, որ անհայտ կորած է համարվում Ադրբեջանի 4043 քաղաքացի, գերությունից ազատվել է 1400 մարդ։ Հաշվետվությունում նշվում է նաև, թե պարզվել է, որ անհայտ կորած համարվող Ադրբեջանի 13 քաղաքացիներ գերեվարվել են ԼՂՀ ՊԲ-ի կողմից և պահվում են Արցախում։
«Ադրբեջանում կան մեծ թվով գերիներ, որոնք տարբեր վայրերում են պահվում: Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանի իշխանությունները Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին թույլ չեն տալիս մուտք գործել ո՛չ ազգային անվտանգության, ո՛չ էլ բանակի մեկուսարաններ: Ցավալին այն է, որ գերիները ամիսներով պահվում են իրենց զորամասերում, ու չնայած մեր կողմից անցկացվող հարցումներին` պետական հանձնաժողովի հետ կապի մեջ մտնելը ամիսներ է տևում»,- ասաց Վ. Քոչարյանը:
Նա նշեց, որ ԼՂՀ-ում այս հարցերըը լրիվ այլ կերպ են կարգավորվում. «Հենց ադրբեջանցի է հայտնվում մեր սահմանում, մենք նույն օրը տեղյակ ենք պահում կարմիր խաչին և ԵԱՀԿ ներկայացուցչին, իսկ Կարմիր խաչի ներկայացուցիչները ցանկացած ժամանակ կարողանում են տեսակցել ադրբեջանցի գերիներին: Մեզ մոտ, ի տարբերություն Ադրբեջանի, ռազմագերիները մեկ տեղում են պահվում, ավելին՝ Ադրբեջանում միջազգային կազմակերպությունների այցելությունները խիստ սահմանափակված են: Ադրբեջանական կողմը, չնայած հանձնաժողովի կողմից իրականացվող մարդասիրական բնույթի գործունեությանը, նշյալ հարցերը մշտապես քաղաքականացնում է»,- ասաց պարոն Քոչարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան