Նորա Արմանի. Հայ կինոյի զարգացմանը խոչընդոտում է միայն ֆինանսական հնարավորությունը
Այս տարի ֆրանսահայ դերասանուհի Նորա Արմանին ի վերջո կարողացավ Երևան գալ` մասնակցելու «Ոսկե ծիրանին»: Նախորդ տարիներին որևէ պատճառով գալը չէր ստացվում: Նա դեռ Երևանում է, այսօր հանդիպեց լրագրողներին:
Ասաց` տպավորված է, «Ոսկե Ծիրանը» աշխարհի լավագույն փառատոններից է և կարող է մրցել միջազգային ցանկացած կինոփառատոնի հետ: «Ինձ գրավեց կազմակերպվածությունը, ֆիլմերի ընտրությունն ու բազմազանությունը, սյուժեները»,-կարծիք հայտնեց նա:
Դերասանուհին վստահ է` հայ կինոյի զարգացմանը խոչընդոտում է միայն ֆինանսական հնարավորությունը: Երիտասարդ արվեստագետների մեջ տաղանդավորներ կան, պարզապես հեղինակավոր վարպետների խորհուրդներն ու դասերն են պակասում. «Այստեղ արդեն շատ կարևոր է գումարը, եթե դա լինի, ցանկացած մասնագետի կարելի է հրավիրել, ով սիրով մեր երիտասարդներին իր փորձն ու գիտելիքները կփոխանցի»:
«Առհասարակ փառատոնները շատ կարևոր են մշակույթի պահպանման ու ճանաչման համար»,-նշեց Ն. Արմանին` մատնանշելով օրերս կայացած «Տոլմայի փառատոնը»: Նրա խոսքով` առաջին հայացքից անհեթեթ թվացող փառատոնը, իրականում, ոչ միայն սփյուռքահայերին, այլ նաև օտարազգիներին հայի տեսակն ու մշակույթը ներկայացնելու լավագույն ձևն է:
Իսկ ապագա ծրագրերից դերասանուհին առանձնացրեց հատկապես իր գլխավոր դերակատարմամբ Հայաստանում նկարահանվելիք ֆիլմը, որը պատմելու է արտասահմանից եկած և հայկական գյուղերից մեկում հայտնված մի կնոջ մասին: Նկարահանումները սկսվելու են արդեն մյուս տարվանից, ռեժիսորը դեռ հայտնի չէ:
Իսկ այս պահին դերասանուհին նկարահանվում է ամերիկյան ֆիլմում, որտեղ մարմնավորում է հետախույզ-փաստաբանի. «Ֆիլմի վերջում, սակայն, պիտի մեռնեմ, այդ տեսարանը Հայաստանից գնալուն պես արդեն պետք է նկարահանվի»: Տեղեկացրեց, որ ֆիլմը երիտասարդ ամերիկացի ռեժիսորի առաջին գործն է, իսկ նախնական, աշխատանքային անվանումն է` «Լոս-Անջելեսում ձյուն է գալիս»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները