Միացյալ Նահանգներում արդարացրել են Վալտեր Բաղդասարյանին, ով կոչ էր արել սպանել Օբամային
Միացյալ Նահանգների դաշնային դատարանը արդարացրել է հայկական ծագմամբ ամերիկացի Վալտեր Բաղդասարյանին, ով ավելի վաղ նախագահ Բարաք Օբամային «գնդակահարելու» ռասիստական կոչերով էր հանդես եկել:
Այս մասին գրում է «Los Angeles Times» պարբերականը:
Նշենք, երկու տարի առաջ Բաղդասարյանը մեղադրվում էր Բարաք Օբամային հասցեին սպառնալիքներ տարածելու համար: Օբամային սպանելու կոչը Բաղդասարյանը զետեղել էր Yahoo.com կայքում 2008 թ-ի հոկտեմբերին, երբ Օբաման դեռևս պայքարում էր նախագահական պաշտոնի համար:
Հետագայում Բաղդասարյանը հայտարարել էր, թե ալկոհոլի ազդեցության ներքո է գրառումներ թողել կայքում:
Դաշնային դատարանն արդարացրել է Բաղդասարյանին, հիմնավորելով որոշումն այն հանգամանքով, որ մեղադրյալը գրություն է թողել, լուրջ չվերաբերվելով դրան: