ԼԱՍ-ը դատապարտել է Ադրբեջանում լրագրողներին բռնության ենթարկելու փաստերը
Լրագրողներ առանց սահմանների (ԼԱՍ) միջազգային կազմակերպությունը դատապարտել է Նախիջևանում լրագրողներին նկատմամբ բռնություններ գործադրելու փաստերը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ծեծի էր ենթարկվել Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտի թղթակից Հակիմէլդոստ Մեխտիևը: Բռնությունների ու հետապնդումների էին ենթարկվել նաև այդ փաստը ֆիքսող այլ լրագրողներ ևս:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իշխանությունները վերջին շրջանում լուրջ ճնշման են ենթարկել լրագրողին, ինչը մարդու իրավունքներն ու ազատությունը ոտնահարելու հերթական օրինակն է:
«Իշխանությունները պետք է վերջ դնեն նրա և նրան աջակցելու նպատակով դեպքի վայր հասած լրագրողներին հետապնդումներին: Ցավոք, լրագրողներին ճնշումների և հետապնդումների ենթարկելու պրակտիկան իշխանությունների նախաընտրած մեթոդներից է»,- նշված է հայտարարության մեջ: