ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3.5 G ցանցը կoգտագործվի շտապ բուժօգնության դիսպետչերական համակարգում
Այսօր առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մամուլի համատեղ ասուլիսը՝ նվիրված շտապ բժշկական օգնության գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացմանը, որի առանցքային բաղադրիչներից մեկն իրականացվում է պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության շրջանակներում:
Հայաստանում արդյունավետ գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացման նպատակով 2011-2012 թթ-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընդհանուր առմամբ կտրամադրի 85 միլիոն դրամի աջակցություն` թվային կապի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև` դիսպետչերական ծառայության համար անհրաժեշտ թվային ռադիոկապի համակարգի ստեղծման նպատակով: Բացի այդ՝ համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի իր՝ Հայաստանում ամենաընդարձակ և զարգացած 3G/3.5G ցանցը:
Շտապ բուժօգնության արդիականացման ռազմավարությունը հաստատվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դեռևս 2010 թվականին: Վերանորոգվել է 1-03 ծառայության գործակարգավարական կենտրոնը, տեղադրվել են գլոբալ նավիգացիոն համակարգ, Երևանի քարտեզով նավիգատորներ, համակարգչային և զանգերի ձայնագրման սարքավորում, կենտրոնի ու ենթակայանների միջև ստեղծվել է լուսամանրաթելային կապ և այլն:
Շտապ բուժօգնության արդիականացման շրջանակներում ստեղծվել է արբանյակային վերահսկողության և դիսպետչերական համակարգ, որն իրականացնում է շտապօգնության մեքենաների համակողմանի վերահսկողություն՝ ներառյալ ավտոմատ կերպով կանչի գրանցումը, մեքենայի տեղ հասնելն ու հիվանդին համապատասխան բուժկենտրոն տեղափոխելը: Նախ` GPS արբանյակների միջոցով որոշվում է մեքենայի աշխարհագրական դիրքը, որից հետո կատարվում է տվյալների հավաքագրում բուժխմբի զբաղվածության, ինչպես նաև խմբի տեսակի վերաբերյալ: Մեքենայից ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G/3.5G ցանցերի միջոցով այդ տվյալներն ուղարկվում են կենտրոնական սերվերին: Կանչը ստանալուն պես, գրանցվում են բոլոր տվյալները: Դիսպետչերը, մոնիտորին նայելով, որոշում է ազատ մեքենան և այն ուղղորդում կանչը սպասարկելու:
Ընթացքում GPS և 3G/3.5G միջոցով կատարվում է կանչի մոնիթորինգ: Մեքենաներում տեղադրված նավիգատորները թույլ են տալիս վարորդին լուծել հասցեին ամենակարճ ճանապարհով մոտենալու խնդիրը՝ ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել շտապօգնությունը «դիմավորելու» անհրաժեշտությունը: Քարտեզի վրա բուժհաստատությունների նախապես նշված լինելը թույլ է տալիս արագ որոշել, թե որ հիվանդանոցն է առավել նպատակահարմար հիվանդի համար: Այս համակարգի ներդրումը նպաստում է կանչի իրականացման օպտիմալացմանը, հիվանդին տեղ հասցնելու ժամանակի կրճատմանը, բուժխմբերի աշխատանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև թույլ է տալիս էականորեն նվազեցնել վառելիքի ծախսը:
«Ընկերությունը պատրաստակամ է աջակցելու առողջապահական ժամանակակից ծառայությունների ներդրմանը թե՛ իր կապուղիները տրամադրելով, և թե՛ նորարարական լուծումներով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում միշտ ժամանակին և ճիշտ տեղում լինելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած մոտեցումը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի գործունեությունը պետության հետ մասնավոր հատվածի համագործակցության հրաշալի օրինակ է, որի հիմքում մարդասիրությունն է, մեր երկրում նոր մշակույթ ձևավորելու ցանկությունը, նորարարություններին ու ոլորտի զարգացմանն ընդառաջելու մղումը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը առողջապահության համակարգի կողքին է տևական ժամանակ: Բավական է նշել ճանապարհային անվտանգության իրազեկման քարոզարշավը, հանրապետության տարբեր մարզերի և կենտրոնական հիվանդանոցներին, ծննդատներին և ուռուցքաբանության ազգային կենտրոնին ցուցաբերած աջակցությունը, միջազգային բժշկական համաժողովների հովանավորությունը և նորարարական լուծումներով` համակարգի արդիականացմանը նպաստելու պատրաստակամությունը: Գնահատելի են առողջ հասարակություն ունենալու հարցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրած ջանքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում