Ա. Մովսիսյան. Տարածաշրջանում Էլեկտրաէներգիայի օպերատորի ֆունկցիան կարող է կատարել միայն Հայաստանը
«Ճիշտ քաղաքականության արդյունքում մենք զարգացրել ենք մեր էլեկտրահամակարգը այն կտրվածքով, որ տարածաշրջանում Էլեկտրաէներգիայի օպերատորի ֆունկցիան միայն մենք կարող ենք կատարել»,-Panorama.am -ի հետ զրույցում, ասաց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նա ասաց, որ Հայաստանը կառուցում է 400կՎտ բարձրավոլտ էլեկտրական գիծ Իրանի հետ և անհրաժեշտություն կա, որպեսզի այս գիծը շարունակեինք դեպի Վրաստան: Ա.Մովսիսյանը նշեց, որ այս ծրագիրի նպատակն է, որպեսզի մենք կարողանանք մասնակցել տարածաշրջանի էլեկտրաէներգիայի փոխհոսքերին, ինչպես նաև էլեկտրաէներգիա մատակարարել Էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող երկրներին:
Նրա խոսքով, նախնական պայմանավորվածություն կար վրացական կողմի հետ մի սխեմայի շուրջ, որը ժամանակի ընթացքում Վրաստանի կողմից փոփոխության ենթարկվեց, ինչը, ըստ նախարարի, պայմանավորված էր Վրաստանում բարձր լարման էլեկտրագծերի զարգացման նախագծերի հետ: Նա ասաց, որ դրա արդյունքում վրացական կողմը մեզ ավելի օպտիմալ տարբերակ առաջարկեց, որը, նրա փոխանցմամբ, նախորդ բարձր լարման էլեկտրագծի կառուցման պրոեկտից $ 5 մլն-ով ավելի թանկ է, սակայն միևնույն ժամանակ նշեց, որ այս ծրագրի համար վարկային միջոցներ ձեռքբերելու հարցում իրենք բանակցում են KMF բանկի հետ և նշեց, որ շուտով կսկսվի այդ գծի կառուցումը:
Նա ասաց, որ ճիշտ է $ 5 մլն-ով թանկանում է այս ծրագրի իրականացումը, սակայն «փոխարենը մենք հնարավորություն կունենանք ինտեգրվել Հայաստան-Վրաստան, Վրաստան-Թուրքիա, Վրաստան-Ռուսաստան սխեմայի մեջ», և հավելեց, որ «այսօրվա դրությամբ դա ամենաօպտիմալ տարբերակն է»:
Հարցին, թե Վրաստանը սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Արևելյան Եվրոպայի երկրներ և արդյո՞ք կա հնարավորություն, որ այդ ծրագրին մասնակցություն ունենա նաև Հայաստանը, նախարարը ասաց հետևյալը. «Բարձր լարման էլեկտրագծի կառուցման ծրագիրը հետապնդում է հենց այդ նպատակը, որպեսզի մենք կարողանանք մասնակցություն ունենալ Էլեկտրաէներգիայի փոխհոսքերին»:
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է, Վրաստանը շահագրգռված լինի, որ Հայաստանը նույնպես մասնակցի այս ծրագրին` մատակարարելով Վրաստանին ավելի էժան էլեկտրաէներգիա, նախարարը ասաց, որ Հայաստանից դեպի Վրաստան համեմատաբար Էժան էլեկտրաէներգիայի մատակարարումը, ուղղակի, սեզոնային բնույթ է կրում: «Կլինի տարվա ժամանակահատված, երբ մեր էլեկտրաէներգիան էժան կլինի, իսկ գարնան և ամռան ժամանակահատվածում`պայմանավորված Վրաստանի ջրային ռեսուրսներով, ավելի էժան կլինի, բայց դա նշանակություն չունի, քանի որ բարձր լարման էլեկտրագծի կառուցումը հնարավորություն կտա մեր ռեժիմները օպտիմիզացիայի ենթարկել և դրա արդյունքում ավելի էժանացնել էլեկտրաէներգիայի գինը»,- նշեց նա:
Նրա հավելմամբ, օպտիմիզացիան հնարավորություն կտա մասնակցել էլեկտրաէներգիայի տրանզիտներին և ազատ հզորություննրը օգտագործել էլեկտրաէներգիա արտահանելու համար:
Հարցին` արդյո՞ք Հայաստանը` ունենալով էլեկտրաէներգիայի ավելցուկ և մեծ պոտենցիալ, չէր կարող բավարարել Իրանի Էլեկտրաէներգիայի պահանջները, որն այսօր էլեկտրաէներգիա է գնում Վրաստանից, որը մտնում է Իրան` Հայաստանի տարածքով, Ա.Մովսիսյանն ասաց հետևյալը. «Բնականաբար, Պարսկաստանում ցանկանում են բոլոր հարևանների հետ աշխատել… և միայն Հայաստանի հետ չէ, որ ուզում են աշխատել»,- եզրափակեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին