ՀՀ նախագահը` մոսկովաբնակ հայ երիտասարդին. Մենք քեզ խնդրում ենք վերադառնալ Հայաստան և այստեղ քո երկրին օգուտ բերել
Ծաղկաձորում շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Նրանցից մեկը, ով ներկայացել է որպես Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի հայեցի դաստիարակության կենտրոն, հայորդաց տան սան նշել է, որ սովորում է Մոսկվայի ֆիզիկա-ինժեներական ինստիտուտում, դառնալու է ատոմակայանների մասնագետ: «Իմ երազանքն է՝ վերադառնալ Հայաստան և աշխատել Մեծամորում: Ի՞նչ հնարավորություններ, ի՞նչ պայմաններ կլինեն: Կարո՞ ղ եմ, արդյոք, գալ և լավ աշխատել ու լավ ապրել»,-երկրի ղեկավարից հետաքրքրվել է նա:
Հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Ոչ թե կարող ես, այլ մենք խնդրում ենք, որպեսզի դու ավարտելուց անմիջապես հետո գաս Հայաստան: Կունենաս աշխատավարձ, համենայնդեպս՝ Հայաստանի միջին աշխատավարձի կրկնապատիկը, «Երիտասարդ ընտանիքներին` բնակարան», «Երիտասարդ ընտանիքներին` ավտոմեքենա» ծրագրերից օգտվելու հնարավորություն կունենաս, Հայաստանում կգտնես քո զույգին, և կյանքը կշարունակվի: Այո՛, մենք քեզ խնդրում ենք, վերադառնալ Հայաստան և այստեղ քո երկրին օգուտ բերել: Ի դեպ, այս հանդիպումից հետո մեկ այլ դահլիճում հանդիպելու եմ աշխարհի լավագույն բուհերում սովորող հարյուր հայ ուսանողների հետ, որոնց ֆինանսավորումն իրականացնում ենք մենք՝ «Լույս» հիմնադրամով: Նրանց բոլորին էլ եմ կոչ անելու գալ այստեղ»:
Օլիմպիադայի մեկ այլ մասնակից, ով եկել է Իրանից, ցավ է հայտնել, որ այս օլիմպիադան երկու տարին մեկ է կազմակերպվում: «Կարո՞ղ եք հանձնարարել, որ այս մրցույթը կազմակերպվի ամեն տարի»,-հետաքրքրվել է նա: Ի պատասխան նախագահն արձագանքել է. «Եթե բոլորը համակարծիք են, ապա` այո»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան