Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության մոտ 10 %-ը. Հիմնականում այցելում են «Օդնոկլասնիկի» և «Ֆեյսբուք» սոցկայքեր
Հուլիսի 26 -ը Ինտերնետի պաշտոնական օրն է: Ինչպես այսօրվա ասուլիսում նշեց Ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը, ինտերնետը մարդկային բանականության տրամաբանական զարգացում է: Նա նշեց, որ 1993 թ.-ին Հայաստանում առաջին անգամ «Արմինկո» ընկերությունը միացավ ռուսական ընկերության հետ` օնլայն մտնելով այն ժամանակվա ինտերնետ սերվերների մեջ: «Այնուհետև 1994 թ.-ին մենք հիմնեցինք Հայաստանում հասարակական կազմակերպություն, որն էլ դիմեց համաշխարհային կազմակերպությանը և ստացավ .am դոմեյնային տիրույթը վարելու իրավունքն ու պարտականությունը: Այսօրվա դրությամբ` այդ տիրույթում գրանցված է 16 հազար դոմեյնային անուն»,- ընդգծեց նա:
Ըստ Սաղյանի` սա փոքր թիվ է, քանի որ Հայաստանի չափ բնակչություն ունեցող երկրներում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է` 70-80 հազար:
Գ. Սաղյանի խոսքերով` ՀԿ-ի աշխատանքային խումբն իրավունք ունի փակել կրիմինալ, ապատեղեկատվություն և այլ արատավոր երևույթներ քարոզող կայքերը: Ըստ նրա` .am տիրույթում կիրառվում է դոմեյնային անուններ տրամադրելու բաց քաղաքականություն: Այսինքն` այնտեղ գրանցվելու համար ՀՀ քաղաքացիությունը պարտադիր պայման չէ: «Բաց քաղաքականության նպատակն է` չզրկել սփյուռքի մեր հայրենակիցներին .am տիրույթից»,- ասաց Գ. Սաղյանը` ավելացնելով, որ ներկայումս 16 հազար դոմեյնային անունների կեսն է ընդամենը տեղական:
Ըստ բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի` ներկայումս ինտերնետի «ամենաբումը» սոցիալական ցանցերն են: «Այսինքն` ինչ որ ստեղծվել էր սոցիալական շփումների համար, հիմա օգտագործվում է այլ նպատակներով` բիզնեսի, քաղաքականության: Ապագայում ես տեսնում եմ ավելի շատ վիդեո շփում»,- ընդգծեց բլոգերը:
Նշվեց նաև, որ ընդհանրապես Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության մոտ 10 %-ը կամ մոտ 200 հազար տնային տնտեսություն: Վերջիններս հետաքրքրվում են հիմնականում «Օդնոկլասնիկ»-ով և «Ֆեյսբուք»-ով: