Իրանի հոգևոր առաջնորդն ԱՄՆ նախագահին հորդորել է չմիջամտել Սիրիայի ներքին գործերին
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ վերջինիս հորդորել է չմիջամտել Սիրիայի ներքաղաքական գորընթացներին:
Այդ մասին հաղորդում է իրանական «Ջահան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով ամերիկյան «Ֆաքս Նյուզ» գործակալությանը:
Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ Իրանը Թուրքիայից պահանջել է, որպեսզի վերջինս չմիջամտի Սիրիայի ներքաղաքական գործընթացներին:
Հոդվածագիրն նշում է, որ Իրանի նախազգուշացումներից հետո հավանաբար Թուրքիայում տեղակայված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ողջ ռազմակայանները կարող են հայտնվել Իրանի հրթիռային համակարգերի նշանառության ներքո:
Հիշեցնենք, որ ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալ Աբուլղասեմ Ֆորութանը օրերս «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ Իրանի ԶՈւ գերագույն հրամանատարության հրամանի դեպքում իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հրետանային համալիրը պատրաստ կանգնած կլինի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանների առջև, որոնք գտնվում են ԻՀՊԿ ցամաքային ուժերի նշանառության տիրույթում:
Բացի այդ, վերջերս ԻՀՊԿ կողմից անցկացրած զորավարժության շրջանակներում ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն հայտարարել էր, թե Ամերիկան հոգ է տարել Իրանի նկատմամբ և իր ռազմակայանները տեղակայել է Իրանից ընդամենը 600-700 կմ հեռավորության վրա, և 2000 կմ հեռահարություն ունեցող իրանական հրթիռները կարող են հարվածել ամերիկյան բոլոր նշանակետերին: