Լ. Մելիք-Շահնազարյան. Ալիևի ամեն մի ռազմատենչ հայտարարությունը նպաստում է Ադրբեջանից ժողովրդի արտահոսքին
«Արցախի հիմնահարցի լուծմանը ամենաշատը դեմ է Ադրբեջանը: Իհարկե, էլի պետություններ կան, ում ձեռնտու չէ խնդրի լուծումը, օրինակ` Ռուսաստանը: Արցախի հարցի ցանկացած լուծում Ռուսաստանի համար Ադրբեջանի կորուստ է նշանակում: Քանի որ Ադրբեջանը նույն օրը թեքվելու է դեպի Արևմուտք»,- այսօր անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Panorama.am-ի հարցին, թե ո՞ր դեպքում է ԼՂ հիմնահարցի լուծումը ձեռնտու լինելու Ադրբեջանին, բանախոսը պատասխանեց. «Դա կիլինի այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը փոխվի: Այսօր Իլհամ Ալիևն ունի մեկ հիմնական նպատակ` հասցնել իր զավակ Հեյդար կրտսերին նախագահի աթոռին: Նրա բոլոր և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական քայլերն այդ ուղղությամբ են աշխատում»:
«Ադրբեջանի ժողովուրդը ընդհանրապես պատերազմի ցանկություն չունի, գիտեն` դա ինչ է, և վախը կա: Իսկապես, մեծ վախ կա: Եվ Ալիևի ամեն մի ռազմատենչ հայտարարությունը նպաստում է Ադրբեջանից ժողովրդի արտահոսքին»,- նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը` Լ. Մելիք-Շահնազարյանն ասաց. «Իրանում ադրբեջանցի բնակվող գրեթե չկա: Իրանում կան թուրքախոս պարսիկներ: Առհասարակ, քաղաքականության մեջ երկրների միջև բարեկամական հարաբերություններ ստեղծելու համար քաղաքակրթությունը ավելի մեծ նշանակություն ունի, քան կրոնը: Այս առումով մենք իրանին ավելի մոտ ենք, քան ազերիները»: