Նախիջևանում լրագրողների նկատմամբ ճնշումները չեն դադարում
Բաքվի Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտի (ԼԱԱԻ) գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ինստիտուտի թղթակից Մեհման Մեհտիևը հայտարարել է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում (ՆԻՀ) իշխանությունները մշտապես ճնշում են գործադրում լրագրողների և ակտիվիստների վրա: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին իշխանությունների հրահանգով հոսանքազրկել էր լրագրող Մեհտիևի տունը, որպես պատճառաբանություն բերվելով այն փաստը, թե լրագրողը ապօրինաբար է օգտագործում էլեկտրաէներգիան: Նշենք, որ նույն օրը բռնության էին ենթարկվել ևս 2 լրագրողներ` Էլման Աբբասովը և «Թուրան»-ի թղթակից Իլգար Նասիբովը:
Մեհտիևի խոսքերով` իր ընտանիքի նկատմամբ ճնշումները կտրուկ աճել են այն ժամանակ, երբ նրա հայրը հուլիսի սկզբին Նախիջևանում ուղեկցել է «Ֆրանկֆուրտ Ալգեմայնե Ցայթունգ» պարբերականի գերմանացի թղթակից Միխայել Լուդվիգային:
Աղբյուրի փոխանցմամբ` ավելի քան 10 օր լրագրողի ընտանիքը հոսանքազրկված է. «Դա պետական ոտնձգություն է սեփական քաղաքացիների նկատմամբ և անմարդկային վերաբերմունքի ապացույց» - նշել է լրագրողը:
Մի քանի օր շարունակ լրագրողի հորը կանչել են Շարուրի շրջանային դատախազություն, իսկ Մեհտիևը գտնվում է հետախուզության մեջ: