ՀՀ Նախագահը տվեց հստակ հանձնարարականներ` Մ. Սարյանի տուն-թանգարանի խնդիրների լուծման վերաբերյալ
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:
Երկրի ղեկավարին ուղեկցում էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Նախագահի այցի ժամանակ ներկայացվել են տուն-թանգարանի առջև ծառացած խնդիրները:
Նախարարն ասաց, որ Նախագահի հետ խոսվեց այն բոլոր խնդիրների մասին, որոնք այսօր առկա են թանգարանում: Դրանք են` հիմնանորոգման, լրացուցիչ շինարարություն կատարելու, պահոցի պահպանման խնդիրները: Խոսվել է նաև թանգարանի 45-ամյակը պատշաճ մակարդակով նշելու անհրաժեշտության մասին:
«ՀՀ Նախագահը տվեց հստակ հանձնարարականներ` ամփոփել բոլոր ծրագրերը: Համապատասխան հանձնարարաաններ կլինեն նաև գլխավոր ճարտարապետին, քանի որ թանգարանն ունի որոշ ճարտարագիտական խնդիրներ, որոնց հարկավոր է լուծում տալ»,- նշեց Հասմիկ Պողոսյանը:
Նա ասաց, որ դրանց պետք է լուծում տրվի հաջորդ տարի, սակայն միևնույն ժամանակ նշեց. «Թեպետ նախագահի կողմից միտում կա աշխատանքները սկսել, ոչ թե մյուս տարի, այլ այս տարի»:
Նախարարը հիշեցրեց, որ 2001 թ.-ին «Լինսի» հիմնադրամի միջոցներով թանգարանում հիմնանորոգման աշխատանքներ էին կատարվել, սակայն նշեց, որ ըստ էության, շատ խնդիրներ դեռևս բաց են մնացել:
Հ. Պողոսյանն ասաց, որ այն, ինչ ցուցադրված է թանգարանում, պետք է պատշաճ ցուցադրված լինի, իսկ այն ինչ պահոցներում է` պահպանվի համապատասխան ջերմային ռեժիմով և համապատասխան պայմաններում: Ըստ նախարարի` Մարտիրոս Սարյանի թանգարանի ամենակարևոր խնդիրն է` ցուցադրության համար հատկացված տարածքների ընդլայնումը, որպեսզի ավելի շատ առժեքներ ընդգրկվեն մշտական ցուցադրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները