Վան քաղաքի փողոցներում հայկական տարազով շքերթ է տեղի ունեցել
«Մենք արագ արձագանքեցինք նրանց հրավերին և գնացինք այդ փառատոնին մասնակցելու ոչ թե հյուրի, այլ տանտիրոջ կարգավիճակով, որպեսզի մեր մշակույթը, մեր ազգային արվեստը, որը ժամանակավորապես բացակայել էր այդ միջավայրում` նորից հնչեցնեինք», - այսօր անդրադառնալով հուլիսի 21-23-ը Վանում անցկացված մշակութային փառատոնին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:
Նշենք, որ փառատոնը կազմակերպվել էր տեղական իշխանությունների` Վանի ազգությամբ քուրդ քաղաքապետ Բեքիր Կոյայի կողմից: Փառատոնին մասնակցելու համար Հայաստանից հրավիրվել էր «Ակունք» անսամբլը:
Այսօր կայացած ասուլիսին մասնակցում էին նաև «Ակունք» անսամբլի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանը, խմբավար Արեգ Միքայելյանը, ազգագրական երգերի գրող և կատարող Սարգիս Բաղդասարյանը: Նրանք փառատոնից վերադարձել էին մեծ ոգևորությամբ ու անմոռանալի տպավորություններով:
Բանախոսները պատմեցին, որ փառատոնը կազմված է եղել 3 մասից` շքերթ Վանի փողոցներում, համերգ Ախթամարում և ելույթներ Վան քաղաքի կենտրոնում: Որոշվել էր, որ Վանի փառատոնին «Ակունք» համույթը ներկայանալու է այն ստեղծագործություններով, որոնք ժամանակին ստեղծվել են Վանեցիների կողմից:
Խոսելով շքերթի մասին, պարոն Ախոյանը տպավորություններով կիսվեց լրագրողների հետ. «Մեր անսամբլը մեր տարազները հագած, մեր թմբուկի, դհոլի, «Քոչարու» հնչյունների տակ քայլում էին Վանի փողոցներում»:
Նա նաև նշեց, որ այդ օրեին Ախթամար կղզում աղոթք, պատարագ, մոմավառություն և կնունք է տեղի ունեցել: