ՀԱԱՊ-ի նպատակն է բարելավել գործարար միջավայրը և ներկայացնել լավագույն գործարար փորձառությունը Հայաստանում
Հուլիսի 22-ին տեղի է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) 11-րդ Տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում ՀԱԱՊ նախագահ է ընտրվել «Պրուդենս» իրավաբանական ընկերության տնօրեն և բաժնետեր Էդուարդ Մուրադյանը:
Նախկին նախագահ Դավիթ Աթանեսյանը («Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ) և տնօրեն Գեորգի Իսայանը («Էլ Թի Էքս Քրիդենս Արմենիա» ՍՊԸ) ընտրվել են 1-ին և 2-րդ փոխնախագահների պաշտոնում: Ընդհանուր ժողովը ընտրել է նաև նոր տնօրեններ` Արարատ Ղուկասյանին («Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ), Դիանա Ղազարյանին («Բուզ Ալլեն Համիլթոն Ինկ.» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն), Դավիթ Դավթյանին («Սիգար Արիստոկրատ»), Դավիթ Սարգսյանին («Ամերիա» ընկերությունների խումբ ՓԲԸ), Գագիկ Արզումանյանին («Արմենիան Քոփեր փրոգրամ» ՓԲԸ), Գառնիկ Տոնոյանին («Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ), Կարեն Զաքարյանին («ՆԱՍԴԱՔ ՕէՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ), Հեյկո Կռայսելին («Ցեպելին Արմենիա» ՍՊԸ) և Տիգրան Գասպարյանին («Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ):
Ընդհանուր ժողովի ժամանակ, որը վարել է Դավիթ Աթանեսյանը, քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` կազմակերպության նվաճումները, զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներկայացվել են ՀԱԱՊ-ի ֆինանսական հաշվետվությունները: Ընդհանուր ժողովը որոշումներ է կայացրել մի շարք կազմակերպչական հարցերի շուրջ և հաստատել է ՀԱԱՊ կանոնադրության մի քանի երկար սպասված փոփոխություններ: Մասնավորապես, ընդհանուր ժողովը որոշում է կայացրել Տնօրենների խորհրդի կազմը (Տնօրենների խորհրդի անդամներ) ընդլայնելու` անդամների թիվը 8-ից 12 դարձնելու մասին:
Նշենք, որ ՀԱԱՊ-ն անկախ բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում գործում է 2000թ.-ից: ՀԱԱՊ-ն ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր բիզնես ոլորտների մոտ 100 անդամ կազմակերպությունների շահերը: Նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը և ներկայացնել լավագույն գործարար փորձառությունը Հայաստանում, ՀԱԱՊ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և առավել լայն գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: ՀԱԱՊ-ն հանդիսանում է ԱՄՆ-ի առևտրի պալատի և Ամերիկայի առևտրի պալատների Եվրոպական խորհդրի անդամ:
ՀԱԱՊ-ի գործադիր տնօրեն Դիանա Գազիյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀԱԱՊ-ը հանդիսանում է ՀՀ վարչապետի կողմից նախագահվող գործարարության աջակցման խորհրդի անդամ: Այն բարձրացնում է իր անդամների կողմից բարձրացվող բազմաթիվ խնդիրներ, որոնք վերաբերում են գործարար միջավայրի բարելավմանը: «Ստեղծումից ի վեր ՀԱԱՊ-ը ակտիվ դեր է ստանձնել հարկային բարեփոխումների առումով, որի օրինակ կարող է ծառայել արտահանող ընկերությունների համար ԱԱՀ-ի գերավճարի վերադարձման հարցը»,-ասաց Դ.Գազիյանը:
Նշվեց նաև, որ կառույցի գործունեությունը Հայաստանում նպաստում է ժողովրդավարական արժեքների կայացմանը, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին