Վերականգնվում է Մինաս Ավետիսյանի ևս երկու որմնանկար
Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջները և նկատի առնելով Մինաս Ավետիսյանի որմնանկարներն իրենց կողմից վերականգնելու վերաբերյալ Գյումրու քաղաքապետի և «ԱԳ և ԱԱ Բաղդասարյաններ» ՍՊԸ առաջարկները` ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին իրականացնել Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող, Գյումրի քաղաքի «Քարմշակմեքենա» ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի տեղափոխման աշխատանքները:
Որոշման հաջորդ կետով թույլատրվել է «ԱԳ և ԱԱ Բաղդասարյաններ» ՍՊԸ միջոցների հաշվին իրականացնել քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին շենքում գտնվող «Գորգ են գործում» որմնանկարի տեղափոխումը: Վերականգնումից հետո «Հայկական հովվերգություն» որմնանկարը տեղադրվելու է Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի նիստերի դահլիճում, «Գորգ են գործում» որմնանկարը` Գյումրու Աբովյան փողոցի N 218 հասցեում գտնվող Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ ներառված շենքի սրահում: Տեղեկանալով, որ մարզում դեռևս կա Մինաս Ավետիսյանի հեղինակած չորս որմնանկար, ինչպես նաև այլ արվեստագետների կատարած մոտ երկու տասնյակ աշխատանք, վարչապետը նշել է խնդրի նկատմամբ գյուրեցիների ցուցաբերած մեծ ուշադրությունը: «Հասարակական կազմակերպություններին պետք է խնդրենք, որպեսզի այդ որմնանկարները փրկելու նոր առաջարկներ ներկայացնեն: Որմնանկարները ցանկացած գնով պետք է փրկել, և եթե այդ հասարակական շարժումն օգնի մեզ գտնել այնպիսի տնտեսվարող սուբյեկտների, որոնք ի վիճակի են ներդրումներ կատարել և փրկել որմնանկարները, ապա մենք մնացած չորսի վերաբերյալ նույնպես պատրաստ ենք կայացնել որոշումներ, որպեսզի դրանք մնան Գյումրիում կամ Շիրակի մարզում»,- ասել է վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին