Կոռուպցիայի դեմ պայքարը և մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լրացնեն միմյանց. Զեկույցի հայերեն տարբերակը պատրաստ է
ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը (ՀԳՄԾ), Մարդու իրավունքների քաղաքականության միջազգային խորհրդի (ՄԻՔՄԽ) հետ համատեղ, հրատարակել է «Մարդու իրավունքների ինտեգրումը հակակոռուպցիոն օրակարգ. մարտահրավերներ, կարողություններ և հնարավորություններ» զեկույցի հայերեն տարբերակը:
ԱՄՆ ՄԶԳ-ից հայտնում են, թե ՄԻՔՄԽ-ի հետազոտական խմբի անդամ տկն. Քեյթ Դոնալդը հուլիսի 26-27-ը ժամանել է Երևան` զեկույցը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմին ներկայացնելու և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով: Նա նաև վերապատրաստել է Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների (ՇՊԱԿ) ցանցի իրավական անձնակազմին` ներկայացնելով նրանց մարդու իրավունքների սկզբունքները, որպեսզի ՇՊԱԿ-ներն ավելի արդյունավետ կերպով լուծեն կոռուպցիոն խնդիրները: Վերապատրաստման միջոցով հզորացվել են ՇՊԱԿ-ների` տարբեր ոլորտներում քաղաքականության բարեփոխումների խթանման կարողությունները, ներառյալ հիմնական ծառայությունների մատուցումը և տեղեկատվության հասանելիությունը:
«Զեկույցը ելնում է այն հիմնադրույթից, որ կոռուպցիայի դեմ պայքարը և մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լրացնեն միմյանց, քանի որ համատեղ ջանքերի դեպքում է հնարավոր հասնել նշանակալի արդյունքների»,-զեկույցի առաջաբանում նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: «Զեկույցում հետազոտվել է, թե ինչպես մարդու իրավունքների պաշտպանությունը կարող է հզորացնել հակակոռուպցիոն ռազմավարությունները` առանձնահատուկ ազդեցություն ունենալով հակակոռուպցիոն օրակարգի վրա»:
ՄԻՔՄԽ-ի զեկույցն ընդգծում է մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի միջև կապերը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների դերը կոռուպցիայի նվազեցման գործում: Քանի որ հակակոռուպցիոն շարժումն ունի իր պատմությունը, չափորոշիչները և փորձը, սույն զեկույցը մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի դերակատարների համար ծառայում է որպես հակակոռուպցիոն գործողությունների իրականացման գործնական ուղեցույց: Զեկույցում բերված են կոնկրետ դեպքերի ուսումնասիրություններ, քաղաքականության առաջարկություններ և մարտահրավերներ, որ կարող են առաջ գալ մարդու իրավունքները հակակոռուպցիոն ծրագրերում ինտեգրելիս:
2009թ.-ին ԱՄՆ ՄԶԳ/ՀԳՄԾ-ն և ՄԻՔՄԽ-ը համատեղ հրատարակել են ՄԻՔՄԽ-ի «Կոռուպցիան և մարդու իրավունքները. կապի հաստատում» նախորդ զեկույցի հայերեն տարբերակը, որտեղ քննարկվել է կոռուպցիայի ներգործությունը մարդու իրավունքների պաշտպանության վրա, ներառյալ տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները: Զեկույցում նաև բերված են իրավիճակներ, որտեղ մարդու իրավունքների սկզբունքներն ու գործիքները կարող են նպաստել կոռուպցիայի կանխարգելմանը:
ՄԻՔՄԽ-ը ոչ-առևտրային կազմակերպություն է, որ գտնվում է Ժնևում և իրականացնում մարդու իրավունքների ընթացիկ խնդիրների կիրառական հետազոտություն: