30 տարի անց ձերբակալվել է բանտից փախած հանցագործը
Կոլորադոյի մարշալներին հաջողվել է ձերբակալել նախկին ազատազրկված Ֆրեդերիկ Բարրետին, ով բանտից փախել էր դեռևս 1979թ-ին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ֆրեդերիկին ձերբակալել են իր տանը, որը տեղակայված է սարերում, թեպետ համապատասխան գործողությունները իրավապահները սկսել են դեռ 2009թ-ին, երբ ոստիկանությունը տեղեկացվել է, որ տարբեր ժամանակներում Բարրետը թաքնվել է Հավայան կղզիներում, Կալիֆորնիայում, Տենեսիում և Մերիլենդում:
Ի վերջո նա հիմնական բնակության համար հասել է Կոլորադո, որտեղ անգամ կեղծ անուն-ազգանունով փաստաթղթեր է ձևակերպել:
Նախկին ազատազրկվածին հնարավոր է եղել ճանաչել աջ ձեռքի դաջվածքի շնորհիվ: Տանը ոստիկանները հայտնաբերել են զենքի մի քանի միավոր, իսկ տան հարևանությամբ նա աճեցրել է մարիխուանա: Այնպես, որ բացի նրանից, որ Բարրետին մեղադրանք է առաջադրվելու փախուստի համար, նա նաև հոդված է վաստակել անօրինական զենք ու թմրանյութ պահելու համար:
Աղբյուրը նշում է, որ Բարրետը նախկինում ցմահ ազատազրկման է դատապարտված եղել սպանության համար, ընդ որում սպանությունը նա կատարել է երեք հանցակից-գործընկերների հետ, որոնց ճակատագիրը դեռ ճշտվում է: Իսկ փախուստի դիմել է այն պահին, երբ բանտում էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել: